AM
24 September 2011 - 10:02 AMT

Հայաստանի երեք օպերատորները բացառում են հաքերների հնարավոր մուտքը իրենց բազաներ

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ և Օրանժ Արմենիա ընկերությունները հայտնեցին իրենց մեկնաբանությունը կապված երեկ տարածված այն լուրերի հետ, թե անհայտ հաքերներն ապօրինի մուտք են գործել Հայաստանի երեք օպերատորների՝ ԱրմենՏելի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օրանժ Արմենիայի տվյալների բազա և տիրանալով դրանց՝ վաճառում են բաժանորդների տվյալները։ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից հայտնում են, որ ընկերության տեղեկատվական բազաները պաշտպանված են հաքերների հնարավոր միջամտությունից: «Իսկ թե ինչ տվյալներ են հայտնվել ապօրինի շրջանառության մեջ և ինչ եղանակով, կպարզեն իրավապահ մարմինները համապատասխան վարույթի շրջանակներում»,-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Օրանժ Արմենիա ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ Օրանժ-ի տվյալների բազայի անվտանգությունը առավելագույնս պաշտպանված է, իսկ բաժանորդների տվյալների պաշտպանությունը մշտական հսկողության ներքո է:

«Մեզ մոտ չի գրանցվել արտաքին աշխարհից որևէ ներթափանցում կամ ներթափանցման փորձ մեր համակարգ: Տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը Ֆրանս Տելեկոմ/Orange-ի բիզնես պատասխանատվության հիմնասյուներից է, և մենք Orange Արմենիայում մեր ամենօրյա աշխատանքում այս խնդիրը դիտարկում ենք որպես բացարձակ առաջնահերթություն: Ինչ վերաբերվում է տվյալների հանրայնացմանը, ապա այդ փաստի ու դրան վերաբերող հանգամանքների քննությունը կիրականացնեն իրավասու մարմինները»,-ավելացրեց նա։

Երեկ իր մեկնաբանությունն էր հայտնել նաև ԱրմենՏել ընկերությունը։ ԱրմենՏելի հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանի խոսքով՝ ընկերությունն այդ ինֆորմացիային տեղեկացել է հենց ԶԼՄ-ներից։ «ԱրմենՏելը չի հանդիսանում այդ տեղեկության տարածողը։ Ես միայն կարող եմ ասել, որ ԱրմենՏելի բաժանորդների տվյալները բարձր պաշտպանվածություն ունեն և 24 ժամ գտնվում են վերահսկողության տակ։ Մեր բաժանորդների բազան կապված չէ ինտերնետի հետ և որևէ հաքեր չի կարող որևէ էլեկտրոնային միջոցով տիրանալ դրանց։ Տվյալները արտաքին աշխարհի հետ կապված չեն»,- նշեց Անուշ Բեղլոյանը։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տարածել էր տեղեկություն այն մասին, թե անհայտ հաքերներն ապօրինի մուտք են գործել Հայաստանի երեք օպերատորների՝ ԱրմենՏելի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օրանժ Արմենիայի տվյալների բազա և տիրանալով դրանց՝ վաճառում են բաժանորդների տվյալները՝ հղելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանին։ Նշված բաժինը այս տեղեկությունները դեռևս չի մեկնաբանում։