Հայաստանի սպառողների ասոցիացիան (ՀՍԱ) բազմիցս բարձրացրել է Երևանի տրանսպորտային համակարգը դիվերսիֆիկացնելու հարցը, որտեղ այսօր երթուղային տաքսիներին բաժին է ընկնում բոլոր տրանսպորտային միջոցների «առյուծի բաժինը»` 90 տոկոսը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, Երևանի յուրաքանչյուր նոր քաղաքապետ իր հերթին խոսել է երթուղային տաքսիներն ավտոբուսներով փոխարինելու մասին, սակայն խնդիրը մնում է չլուծված: Ավելին, Արմեն Պողոսյանի կարծիքով, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել տրանսպորտային տնտեսությունը` ներկրվող դիզելային վառելիքից, ինչպես նաև գազից կախվածությունը նվազեցնելու համար, որի առաքման հետ կապված մշտապես խնդիրներ են առաջանում: «Գազի պահեստների պաշարները կբավականացնեն միայն 2-2.5 ամիս»,- ասել է նա:
Սեպտեմբերի 27-ին ժամը 02:10-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 22-ին Վրաստանի տարածքում Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ կատարելու պատճառով:
Դրա հետ կապված նա առաջարկել է զարգացնել էլեկտրատրանսպորտն էներգիայի սեփական աղբյուրների հաշվին:
Արմեն Պողոսյանը նաև հաղորդել է, որ Երևանի տրանսպորտային համակարգի արդյունավետության բարձրացման առաջարկի հետ կապված քաղաքապետարանից ոչ մի արձագանք չստանալով, Ասոցիացիան բաց նամակ է ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն իր հերթին հանձնարարել է պատասխանել դրան տրանսպորտի և կապի նախարարությանը: «Այդ պատասխանը նման է Հարուն ալ Ռաշիդի հեքիաթներին («Հազար ու մի գիշեր» հեքիաթներից արաբ խալիֆ)», այն ուղղակի նվաստացուցիչ է, դրանում ոչ մի հիմնավորում չկա»,- ասել է Պողոսյանը:






