Հայաստանի քաղաքացիներին Վրաստանից մեքենաներ ներկրելու համար տրված կառավարական արտոնյալ վարկերի չվճարման արտառոց դեպք դեռ չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը: «Այսինքն այն պարտավորությունները, որոնք նախատեսվել են պայմանագրով, կատարվում են».- ասել է նա:
Փոխնախարարի խոսքով, քաղաքացիների դիմումներն բացառապես վերաբերվել են նրան, որ կան ժամանակավոր դժվարություններ, կապված դրամական միջոցների անբավարարության հետ, «ինչին էլ կառավարությունն ընդառաջել է»:
Ինչպես ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ծրագրի շրջանակում թվով 1516 քաղաքացիների տրամադրվել են բյուջետային վարկեր:
Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարկային պայմանագրեր են կնքվել Երևան քաղաքի 150 բնակիչների հետ: Մարզերից ստացված տվյալներով`606 վարկ է տրամադրվել Լոռիում, 375-ը` Տավուշի, 304-ը` Շիրակի մարզերում: Համապատասխանաբար 30, 28 և 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բնակիչներին: Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսված 1 մլրդ դրամից հատկացվել է շուրջ 935 մլն դրամ: Քաղաքացիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Ընդհանուր առմամբ վարկային պայմանագրի կնքման առավելագույն տևողությունը 30 րոպե է:
Վարկային պայմանագիր կնքելու համար քաղաքացիները ներկայացրել են անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու դեպքում` այդ մասին տեղեկանքի պատճենը և 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի և իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու փոխադրման ամփոփագրի պատճենները; տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք, տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երևան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից: Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով` մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող և նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երևան քաղաքի բնակիչը` մաքսատուն: Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը:






