«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» հոկտեմբերի 7-9-ը կմասնակցի Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսին, ուր կներկայացնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնում են ԻՏՁՄ-ից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Կենտրոնի ղեկավար Եվա Հյուսյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում այցելուներին հնարավորություն կտրվի տեղում գրանցվել կենտրոնում կազմակերպվող դասընթացներին:
«Այժմ անցկացնում ենք տեխնոլոգիական ու բիզնես դասընթացներ, ինչպես նաև թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվում են տարբեր պրոդուկտներ , որոնց մի մասը ևս կներկայացվի ցուցահանդեսին: Կարևոր է, որ մեր երիտասարդները տեսնեն՝ ինչ հաջողության են հասել իրենց հասակակիցները և հավատան իրենց ուժերին»,-նշում է Եվա Հյուսյանը:
Թիմերն այժմ աշխատում են կրթական, առողջապահական, բանկային և այլ ոլորտներին վերաբերող պրոդուկտների վրա, իսկ ցուցահանդեսը լավ հնարավորություն է ներդրողների հետ հանդիպելու համար:
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» ցուցահանդեսում հանդես կգա մի քանի տաղավարներում՝ Microsoft-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ միասին:
ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսին ակնկալվում է մոտ 18 000 այցելու և 100 մասնակից ընկերություն: Այն կանցկացվի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ։Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: