AM
30 Սեպտեմբեր 2011 - 07:57 AMT

Երևանում վարպետության դասերով հանդես կգան մասնագետներ Wikimedia-ից, Facebook-ից, Rambler-ից

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և Մեդիամաքս լրատվական գործակալությունը ներկայացրեցին Երևանյան վեբ հանդիպումներ 2011 (Yerevan Web Meetings) համատեղ նախագիծը: Նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան փորձը: Նախագծի գաղափարի հեղինակը Մեդիամաքսն է, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ հովանավորն է։

Երևանյան վեբ հանդիպումներ 2011-ի շրջանակներում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Հայաստանը կհյուրընկալվեն մասնագետներ, որոնք կվարեն վարպետության դասընթացներ ինտերնետային նախագծերի իրականացմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների և անհատների համար։

Հրավիրված մասնագետներն են Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկին, Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայան, Lenta.ru լրատվական կայքի հիմնադիր և ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» Անտոն Նոսիկը, Լիտվայի առաջատար Delfi.lt պորտալի հասարակության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեն և Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի տնօրեն Եկատերինա Սկորոբոգատովան։

Ըստ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանի՝ այս նախագիծը կրթական է և նախատեսված է թե՛ վեբ-պրոեկտներում արդեն մասնագիտացած ընկերությունների և թե՛ ստարտափ՝ սկսնակների համար։

«Հայաստանում ինտերնետը վերջին շրջանում մեծ բում է ապրում։ Կիրառելով արտասահմանյան մասնագետների փորձը՝ մենք կզարգացնենք հայկական կոնտենտը։ Նրանք կպատմեն նախագծերի առևտրականացման խնդիրների մասին, ինչպես ստեղծել լավ բովանդակություն ունեցող կայք և կարողանալ այդ բովանդակությունը վաճառել։ Անտոն Նոսիկը տեղեկատվական կայքերի մասնագետ է և լրատվամիջոցների առաջխաղացման թեմայում մեծ փորձ ունի»,-ասաց Արա Թադևոսյանը։

«Մեր օրերում ինտերնետը հզոր գործիք է տեղեկատվություն ստանալու, կրթության գործընթացը դյուրին և արդյունավետ դարձնելու, աշխարհի հետ կապի մեջ լինելու համար։ Ինտերնետում հայկական կոնտենտի պակաս կա և անհրաժեշտ է լրացնել այդ բացը»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Վարպետության դասերը կանցկացվեն Մեդիամաքսի գրասենյակում շաբաթ օրերին 2-3 ժամ տևողությամբ և բաղկացած կլինեն շնորհանդեսից և հարցուպատասխանից։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և կանցկացվեն ոչ ֆորմալ մթնոլորտում։ Կան հրավիրված կազմակերպություններ, իսկ մասնակցել ցանկացողները կարող են դիմել Մեդիամաքսին։ Դասերին հնարավոր կլինի հետևել օնլայն՝ live streaming-ի միջոցով itel.am կայքում։

Ինչպես ավելացրեց Արա Թադևոսյան, եթե նախագիծը հաջողվի, կկազմակերպվի յուրաքանչյուր տարի: