AM
13 September 2000 - 14:25 AMT

ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Երկուշաբթի Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից հսկվող հայ-թուրքական սահմանում տեղի է ունեցել զինված միջադեպ:
Ինչպես հաղորդել են Դաշնային սահմանապահ ծառայության գրասենյակում, երեք թուրք զինծառայողներ «հատել են պետսահմանի գիծը եւ ներխուժել են Հայաստանի տարածք` անցնելով 300 մետր»: Ռուսաստանյան սահմանապահ կարգախմբի կասեցման փորձին թուրքերը կրակով են պատասխանել, որից հետո ռուսաստանյան սահմանապահների կողմից եւս նախազգուշական կրակ է բացվել:
Գյումրիի սահմանապահ ջոկատի մի քանի ուղեկալներ անցել են ծառայության խիստ ռեժիմի` նրանց կարգադրված է բարձր մարտական պատրաստակամություն պահպանել:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը հիշեցնում է, որ 2000 թ-ի հունիսին Արմավիրյան ջոկատի հատվածում թուրք սահմանապահները սպանել էին ռուս սերժանտ Անատոլի Զյաբլիկովին: –0–