«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը տեղեկացնում է, որ վաղը Մոսկվայի տանը կկայանա «Դպրոցական բլոգ» նախագծի ամփոփիչ միջոցառումը: Նախագիծը իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցով:
Ստանալով համապատասխան համակարգչային գիտելիքներ՝ դպրոցական երեխաները Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից՝ Ալավերդի, Էջմիածին, Դիլիջան, բլոգի միջոցով բարձրաձայնել են բլոգում իրենց հուզող խնդիրները՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, բռնություն, դրամահավաք, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և այլ թեմաներ: «Դպրոցական բլոգը» մեկնարկել է 2011-ի մարտին:
Կարճ ժամանակում բլոգը ձեռք է բերել լայն ճանաչում համացանցում: Այսօր արդեն այն ունի ամսական 8.000-10.000 այցելու:
Բլոգն ունի նաև ուսուցողական բնույթ. բլոգում գործող «հոգեբանի անկյուն» և «դպրոցականի իրավունք» էջերը, որոնք վարում են մասնագետ հոգեբանն ու լրագրողը, նպատակ ունեն կրթելու երեխաներին իրենց իրավունքների իմացության հարցում, օգնելու նրանց տարբեր իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել և հաղթահարել խոչընդոտները:
«Դպրոցական բլոգ» նախագծի ամփոփիչ միջոցառմանը ներկա են լինելու բլոգի մասնակից երեխաները, ովքեր կստանան մրցանակներ: Ամենահամարձակ դպրոցականը կստանա նեթբուք: Միջոցառումը կամփոփի նաև պատմվածքի բաց մրցույթի արդյունքները, որը հայտարարվել էր «Դպրոցական բլոգ» նախագծի շրջանակներում:
«Դպրոցական բլոգ»-ին աջակցել են «Հետք» էլեկտրոնային թերթը և «Վորլդ Վիժն Հայաստան»» կազմակերպությունը: