Հայաստանի պետբյուջեի նախագիծն, որն, ըստ սահմանված կարգի երկրի կառավարությունն արդեն քննարկման է ներկայացրել խորհրդարան, ունի սոցիալական ուղղվածություն: Այդ մասին հոկտեմբերի 7-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Սոցիալական ոլորտի համար 2012թ. պետբյուջեով նախատեսված է 307,3 մլրդ դրամ՝ 2011-ի 271,9 մլրդ դրամի դիմաց, ինչն ավելի է 35 մլրդ դրամով: Իսկ դա նշանակում է, որ մեր թոշակառուների թոշակը 3000 դրամով կավելանա, իսկ նպաստները՝ 2700 դրամով, և դա շատ լավ է»,-ասել է նա:
Սակայն, ըստ Սաֆարյանի, կառավարությունը միաժամանակ պետք է առաջիկա տարիներին փոխի բյուջետային քաղաքականությունը, դարձնելով այն ավելի ներդրումային, ինչը թույլ կտա «հիմք ստեղծել տնտեսական ռազմավարական զարգացման համար, «ինչը, ցավոք, նախատեսված չէ 2012թ, բյուջեով»:
Ըստ պետբյուջեի նախագծի, եկամտյային մասը 2012թ. նախատեսվում է հաստատել 910 մլրդ դրամի չափով, ծախսայինը՝ 1042,5 մլրդ դրամի, իսկ պակասուրդը՝ 132,5 դրամի ցուցանիշը: Ընդ որում, սոցիալական ծախսերի տեսակարար կշիռը բյուջետային ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 46,2 տոկոս:






