Այսօր Սարի թաղ 7-րդ փողոց հասցեում վերաբացվեց «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0017 փոստային բաժանմունքը: «Այս փոստային բաժանմունքի վերաբացումով մենք սկսում ենք «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի ավարտական փուլը: Պատահական չէ, որ առաջին բացումը մենք անում ենք Սարի թաղում, քանի որ այն Երևանի ամենահին թաղամասերից մեկն է»,- ասաց «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Նրա խոսքով, «Հայփոստ»-ի զարգացման ուղղությամբ իրականացվում են խոշոր միջոցառումներ, և արդեն մեկնարկել է բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կարևորագույն ծրագիր, որի արդյունքները մոտ ապագայում բաժանորդները կզգան:
«Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսել է ՀՀ փոստային կապի արդիականացման նոր փուլը, որի ընթացքում նախատեսվում է բաժանմունքների վերաբացում, նոր աշխատանքային ստանդարտներ, ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ, ինչպես նաև ֆաքսիմիլային և ինտերնետային կապ, տպագրություն, այլ ծառայություններ: Մինչև տարեվերջ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի կողմից վերաբացվելու են 50 բաժանմունքներ:






