Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի պատվիրակությանը` ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Բաբկինի գլխավորությամբ:
«Ուրախ եմ, որ այսպիսի ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել Հայաստան, ինչն ընդգծում է մեր համագործակցության ռազմավարական նշանակությունը: Վստահ եմ, որ ձեր այցը հնարավորություն կտա հստակեցնել` ինչպիսի և ինչ ծավալի գյուղատնտեսական տեխնիկա ենք ձեռք բերելու Ռուսաստանից»,- վարչապետի խոսքն է մեջբերում կառավարության մամլո ծառայությունը: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի գյուղտեխնիկան թարմացման կարիք ունի:
Կոնստանտին Բաբկինը ներկայացրել է «Ռոսագրոմաշ» ասոցիացիայի գործունեությունը` մասնավորապես նշելով, որ շուրջ 90 գործարան զբաղվում է գյուղտեխնիկայի արտադրությամբ, և արտադրանքն արտահանվում է 40 երկիր: Նա տեղեկացրել է, որ ասոցիացիայի գործունեությունն ուղղված է արտահանման խթանմանը և ընդգծել, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ համագործակցությունն ակտիվացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանի կողմից «Ռոսագրոմաշ» ասոցիացիան կազմող ընկերությունների արտադրած գյուղտեխնիկայի ձեռքբերման մանրամասներ: Մասնավորապես, կողմերը քննարկել են լիզինգային տարբերակով տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման ձեռնարկությունների ստեղծման, գյուղատնտեսական կոոպերատիվներին տեխնիկայի տրամադրման և սպասարկման կենտրոնների (մեքենա-տեխնիկական կայանների) կազմակերպման հարցերին:






