AM
11 October 2011 - 11:43 AMT

Nokia-ն թողարկում է երկու նոր հեռախոս՝ C2-05 և X2-05

Nokia ընկերությունը թողարկել է երկու նոր հեռախոս՝ Nokia C2-05 –ը և Nokia X2-05-ը, հայտնում է Nokia-ի պաշտոնական բլոգը։ Երկու հեռախոսներն էլ պարունակում են Nokia Browser, որը տիրապետում է սեղմման տեխնոլոգիային (compression) և դրա շնորհիվ արագ կարդում է վեբ-էջերը։ Հեռախոսները նաև պարունակում են Nokia Store (անվանափոխված Ovi Store-ը), որն առաջարկում է հազարավոր ծրագրեր։

Nokia C2-05-ը վերարտադրում է MP3 և MP4 երաժշտական ֆորմատներ, պարունակում է նաև FM ռադիո՝ ներկառուցված ձայնագրիչով։ Հեռախոսում հնարավոր է ավելացնել մինչև 32Գբ հիշողություն։ Nokia C2-05-ը կշռում է 98.5 գրամ, ունի 2 դյույմ 320 x 240 պիքսել որոշմամբ LCD էկրան, առաջարկում է մինչև 65 հազար գույն։ Հեռախոսի մարտկոցն ունի 4 ժամ խոսելաժամանակ առանց լիցքավորման։ Nokia C2-05-ը հասանելի է լինելու 2011-ի 4-րդ եռամսյակում և կարժենա մոտ 50 եվրո, հայտնում է ֆիննական ընկերությունը։

Մյուս նոր մոդելը՝ Nokia X2-05-ը նույնպես նվագում է MP3 և MP4 ֆորմատի ֆայլեր և ունի FM ռադիո՝ ձայնագրիչով։ Հեռախոսը պարունակում է Facebook և Twitter ծրագրեր։ X2-05-ը թեթև է՝ 87.8 գրամ։ Էկրանը լայն է՝ 2,2 դյույմ և առաջարկում է մինչև 65 հազար գույն՝ 320 x 240 որոշմամբ։ Կա հնարավորություն ավելացնելու մինչև 32Գբ հիշողություն։ Իսկ մարտկոցն ապահովում է 4 ժամ խոսելաժամանակ առանց լիցքավորման։ Հեռախոսը թողարկվելու է մի քանի գույնով՝ սև, արծաթագույն, սպիտակ, վառ կարմիր։ Այն հասանելի կլինի Եվրոպայում 2011-ի 4-րդ եռամսյակում և կարժենա մոտ 46 եվրո։