ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն այսօր տեղեկացրեց լրագրողներին, որ ՀԾԿՀ-ն որոշում էր կայացրել եռամսյա ժամեկտում ընդունել հստակ և միատեսակ պայմաններ բոլոր ընկերությունների համար՝ բջջային օգտագործողների քանակը հաշվառելու համար։
Ըստ նրա, կան հաշվառման տարբեր մեթոդներ և նախկինում յուրաքանչյուր ընկերություն իր մայր ընկերության կորպորատիվ որոշումներով էր ընդունում հաշվառման մեթոդիկաները։
«Այժմ, երբ միևնույն պայմաններով հաշվառում է կատարվել, ակտիվ և պասիվ բաժանորդային բազայի հստակ տարանջատում կլինի։ Պետք է հնարավոր լինի տարանջատել վաճառված քարտերը ակտիվ օգտագործվողներից»,-նշեց Սամվել Արաբաջյանը։
Ըստ ՀԾԿՀ-ի որոշմամբ կատարված հաշվառման՝ նվազել է GPRS ծառայությունից օգտվողների քանակը 400 000-ով, իսկ ընդհանուր 4,2 մլն բջջային քարտերի բազան նվազել է 680 000 քարտով։
Երկրորդ որոշումը, որն ընդունել էր ՀԾԿՀ-ն ընթացիկ ֆինանսատնտեսական գործունեության մասին, տեղեկությունների հրապարակումն է կայքերում։ Ըստ Սամվել Արաբաջյանի՝ յուրաքանչյուր ոք պետք է հնարավորություն ունենա ազատ, առանց խնդրի ծանոթանալ այդ տվյալներին։
«Մենք այս որոշումը պարտադրել ենք Հայաստանի երեք մեր օպերատորներին, իսկ հետագայում պլանավորում ենք դա կիրառել նաև ցանցային լիցենզիա ունեցող այլ ընկերությունների վրա, քանի որ նրանք էլ հանրային ծառայություններ մատուցողներ են»,-հավելեց նա։