AM
14 October 2011 - 04:17 AMT

Սթիվ Ջոբսի հայ երկրպագուները կազմակերպել են նրա հիշատակին նվիրված երեկո

Սթիվ Ջոբսի հայ երկրպագուները նույնպես սգում են Apple-ի հանճարի մահը։ Այսօր երեկոյան Sean’s AlcoHall պանդոկում, աշխարհի տարբեր երկրների երկրպագուների պես, նրանք հավաքվելու են և անցկացնելու են Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված երեկո։

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Sean’s AlcoHall պանդոկի մենեջեր Աստղիկ Մելքոնյանը։ «Երեկոյի հիմնական ֆորմատը լինելու է երաժշտություն ընտրելու հնարավորությունը։ Յուրքանչյուր ոք, ով կայցելի Apple-ի որևէ արտադրանքով՝ լինի iPhone, iPad կամ iPod, հնարավորություն կունենա իր նախընտրած երգը պատվիրել։ Բացի դրանից սեղաններին լինելու են գրիչներ և Սթիվ Ջոբսի նկարները, որոնց վրա այցելուները կարող են գրել նրա մասին իրենց զգացմունքների կամ մտքերի մասին»,-նշեց նա։

Աստղիկ Մելքոնյանի խոսքով, երեկոյի ընթացքում էկրանին ցուցադրելու են նաև Սթիվ Ջոբսի հայտնի ելույթներից հատվածներ։ Ենթադրվում է, որ պանդոկ կայցելի 40-ից 100 մարդ։

«Ցանկալի է, որ բոլոր նրանք, ովքեր ունեն iPhone, iPad, iPod կամ Apple-ի այլ արտադրանք, այդ օրն իրենց հետ ունենան։ Լինելու են նաև անակնկալներ»,-ավելացրեց Աստղիկ Մելքոնյանը։

Միջոցառման մանրամասների համար պետք է այցելել Facebook-ում բացված իրադարձության էջ։

Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը մահացավ հոկտեմբերի 5-ին 56 տարեկան հասակում. նա երկար տարիներ տառապում էր քաղցկեղով։ Նա հանդիսանում էր նաև հանրահայտ Pixar անիմացիոն ստուդիայի հիմնադիրը։

Apple-ի աշխատակիցները նրա հիշատակին նվիրված երեկո են անցկացնելու հոկտեմբերի 19-ին Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում։