AM
14 Հոկտեմբեր 2011 - 08:06 AMT

Սերգո Կարապետյանը վստահ է, որ «խելացի մարդիկ ներդրումներ են կատարում գյուղատնտեսությունում»

Առաջին միջազգային «Հայագրոֆորումի» նպատակն է ամփոփել գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքն ու քննարկել նախանշված ծրագրերը: Այդ մասին հոկտեմբերի 14-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նրա, գյուղատնտեսական աշխատանքները մոտենում են ավարտին, կան որոշ տվյալներ բերքահավաքի մասին, որոնք «միանգամայն գոհացուցիչ են»: «Մեկ ամսից մենք կամփոփենք արդյունքները և կներկայացնենք բոլոր արդյունքները, սակայն այժմ էլ կարելի է խոսել արդեն դրական միտումների մասին»,-ասել է նա:

Հոկտեմբերի 14-ին Երևանում մեկնարկել է միջազգային «Հայագրոֆորումը», որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին, ինչպես նաև հոկտեմբերի 16-ին Գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրվա տոնակատարությանը: Առաջին միջազգային ֆորումին մասնակցում են շուրջ 1200 ֆերմերներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Լեհաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից: «Այս տարի գյուղատնտեսության ոլորտում մենք հասել ենք դրական արդյունքների և ցանկանում ենք կիսվել դրանցով ֆորումի մասնակիցների հետ»,- ասել է նա:

Սերգո Կարապետյանն ասել է նաև, որ 2011թ. օգոստոսին գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 61,3 տոկոս աճ 2010թ. նույն շրջանի համեմատ: «Այդ միտումը շարունակվում է և անկումը, որը եղավ անցյալ տարի, մեզ հաջողվեց կասեցնել ու լավ արդյունքներ գրանցել տարեվերջին»,-ասել է նա: Ըստ նրա, դրան նպաստեցին նաև երկրում ստեղծված բարենպաստ պայմանները գործարարության համար: «Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցներին հրավիրել ներդրումներ կատարել Հայաստանում, քանի որ ողջ աշխարհում գյուղատնտեսության ոլորտն առաջատար է համարվում ներդրումների համար: «Խելացի մարդիկ այսօր ներդրումներ են կատարում գյուղատնտեսության ոլորտում»,-վստահ է նախարարը: