AM
14 Հոկտեմբեր 2011 - 10:42 AMT

Հայաստանը «ռեկորդ է սահմանել» ՍԾՏՀ ԽՎ տնտեսական կոմիտեում նախագահության առումով

Հայաստանը «ռեկորդ է սահմանել» ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական ու բնապահպանական հարցերի կոմիտեի նախագահության հարցում՝ երրորդ անգամ նախագահ ընտրվեց ՍԾՏՀ-ում հայկական պատվիրակությնա անդամ Գագիկ Մինասյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել կոմիտեի փոխնախագահ, հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արեգ Ղուկասյանը: «Սա աննախադեպ իրադարձություն է ՍԾՏՀ գոյության 20-ամյա պատմության մեջ»,-ասել է նա:

Ըստ Ղուկասյանի, չնայած որ թուրքական ու ադրբեջանակն պատվիրակությունները հավանություն չտվեցին Մինասյանի թեկնածությանը, նա ընտրվեց կոմիտեի նախագահ, իսկ վրացական կողմի թեկնածուն ընտրվեց փոխնախագահի պաշտոնում: Ինչպես նշել է Ղուկասյանը, ընտրություններն ընդհանուր առմամբ նորմալ անցան, չնայած, որ 12 անդամ երկրներից ներկա էին 7-ը, քվորումն ապահովվեց: «Սկզբում վրացական կողմը նույնպես թեկնածու առաջադրեց նախագահի պաշտոնի համար, սակայն, իմանալով, որ հայկական կողմը կրկին առաջադրում է Մինասյանի թեկնածությունը, ետ կանչեց իր թեկնածուին»,-ասել է Ղուկասյանը:

Նախագահի ընտրությունները կայացել են նախօրեին Թբիլիսիում ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական ու բնապահպանական հարցերի կոմիտեի երկօրյա նիստի շրջանակներում: Նիստի հիմնական թեման հարկային համակարգի կատարելագործումն էր: