AM
14 Հոկտեմբեր 2011 - 12:07 AMT

«ԻՆԳՈ Արմենիան» նպատակ չունի ԱՊՊԱ-ի գծով առաջատարի դերը ստանձնել Հայաստանի շուկայում

«ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ ապահովագրական ընկերությունը նպատակ չունի ԱՊՊԱ-ի գծով առաջատարի դերը ստանձնել Հայաստանի շուկայում: Այդ մասին այսօր Երևանում լրագրողներին է հայտնել «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ, տարեկան ապահովագրավճարների թիվը կազմում է ընկերության պորֆելի 55 տոկոսը և դա արդեն «խախտում է Տնօրենների խորհրդի որոշումը»: Նա ասել է նաև, որ ֆինանսական կայունության ու հեռանկարաների ապահովման համար դեռ 2011թ. սկզբում որոշում էր կայացվել , որ ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարները չպետք է գերազանցեն ընդհանուր պորտֆելի 50 տոկոսը՝ այն 30 տոկոսի հասցնելու հեռանկարով:

Այդ նպատակով ընկերությունը ստիպված էր մշակել նոր պրոդուկտներ և բացել նոր ներկայացուցչություններ: «Կարծում եմ, մինչև տարեվերջ մենք կհասնենք 50 տոկոս ցուցանիշի՝ պահպանելով ապահովագրավճարների ներկա մասնաբաժինը»,-ասել է Ալթունյանը:

Այսօրվա դրությամբ ընկերությունը տարբեր գնահատականներով 2-3-րդ տեղն է գրավում Հայաստանի ապահովագրական շուկայում: 2011թ. ընկերությունը 1,5 անգամ ավելացրել է իր ակտիվները, որոնք կազմում են 5,81 մլրդ դրամ: ԱՊՊԱ-ի գծով ապահովավճարները կազմել են 2,2 մլրդ դրամ, ինչը կազմում է ապահովագրական վճարումների ընդհանուր թվի 55 տոկոսը: Ընդ որում, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ դրամ: