Ավարտվեցին հոկտեմբերի 11-ից 14-ը ընթացող Ճարտարագիտական համալսարանի «Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման» ամբիոնի 20-ամյակին նվիրված միջոցառումները, այդ թվում` «ՏՏ անվտանգության և ծրագրային ապահովման մշակման արդի խնդիրները» գիտաժողովը, «Համագործակցությունը ՏՏ ոլորտում» գործարար խորհրդակցությունը, ինչպես նաև «Տեղեկատվական անվտանգության օր» միջոցառումը։ Վերջինիս շրջանակում Kaspersky Lab ընկերության առաջատար մասնագետները ներկայացրեցին տեղեկատվական անվտանգության ասպարեզում վերջին ձեռքբերումները։ Այս մասին հաղորդում է Synopsys Armenia ընկերության մամլո ծառայությունը։
«Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա» ֆակուլտետի դեկան Սամվել Սողոմոնյանը նշում է, որ ամբիոնն իր հիմնադրման օրվանից ունեցել է 1500-ից ավելի շրջանավարտներ։ Ամբիոնը թողարկում է տարեկան 100-120 շրջանավարտներ 2 մասնագիտություններով: Զուգահեռ իրականացվում է անգլալեզու ուսուցում: Օտարերկրյա շրջանավարտների քանակը գերազանցում է 400-ը:
Ամբիոնի վերջին տարիների ձեռքբերումների շարքում է Kaspersky lab-ի հետ համագործակցությունը:






