Հարկավոր է զբաղվել պաշտոնյաներին կրթելու հարցով, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կողմնորոշվել համացանցում, ճիշտ վարքագիծ որդեգրել սոցիալական ցանցերում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Ցանցային անգրագիտությունը շատ վտանգավոր է»,-ասել է նա: Ըստ նրա, սոցիալական ցանցերի միջոցով հեշտությամբ կարելի է վարկաբեկել քաղաքական գործչին, սոցցանցերն իրենց նպատակների համար օգտագործում են նաև օտարերկրյա հետախուզությունները:
Ինչ վերաբերում է սոցցանցերին, ապա, ըստ փորձագետ Մարտիրոսյանի, հայ պաշտոնյաների մեծ մասն այսպես թե այնպես օգտվում է դրանցից: «Սակայն, պաշտոնյաները պետք է զգուշությամբ մոտենան պաշտոնական էջերի բացմանը, «քանի որ բացելը հեշտ է, իսկ հետո վերահսկելը դժվար»,-ասել է փորձագետը: Որպես օրինակ նա բերել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջը, որը քաղաքում թափառաշրջիկ շներին վերացնելու գործողություններից հետո, լցվեց սպանված շների լուսանկարներով, որոնք տեղադրել էին կենդանիների պաշտպաններն ու վրդովված քաղաքացիները:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պաշտոնյաներն անձամբ են վարում իրենց բլոգերն ու էջերը սոցիալական ցանցերում, Մարտիրոսյանն ասել է, որ նրանք առնվազն տեղյակ են, թե ինչ են գրում այդ էջերում իրենց ներկայացուցիչները: Նա հիշեցրել է Facebook-ում ծավալված վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի վիճաբանությունը՝ նշելով, որ առանց իրենց համաձայնության նրանց PR-ներկայացուցիչները երբեք նման քայլի չէին համարձակվի գնալ:
Մարտիրոսյանն առանձնացրել է Facebook-ում ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի էջը՝ հայտարարելով, թե 99 տոկոով վստահ է, որ այդ էջն անձամբ Հայրապետյանն է վարում: Նա հումորով նշել է, որ լատինատառ հայերենով գրելու գաղափարը կարող է պատկանել կամ հանճարեղ PR-մասնագետի կամ միանգամայն անտաղանդ: