Samsung Electronics-ն այսօր իր պաշտոնական գլոբալ բլոգում գրել է, որ ընկերությունը ներկայացրել է նախնական դատական արգելքի հայցեր Ավստրալիայի և Ճապոնիայի դատարաններին՝ պահանջելով անմիջապես դադարեցնել Apple-ի iPhone 4S-ի վաճառքը տվյալ երկրներում։
Ճապոնիայում Samsung-ի դատական հայցով պահանջվում է դադարեցնել նաև Apple-ի iPhone 4-ի և iPad 2-ի վաճառքը։ Այս ամենից բացի, ընկերությունը բողոքարկել է Ավստրալիայի դատարանի՝ հոկտեմբերի 13-ին կայացրած որոշումը, ըստ որի դատական արգելք է դրվել Samsung-ի Galaxy Tab 10-ի վաճառքի վրա Ավստրալիայում։
Ճապոնիայում ընկերության դատական հայցը մեղադրում է Apple-ին HSPA ստանդարտի և երեք ինտերֆեյսի կրկնօրինակման մեջ։ Իսկ Ավստրալիայում ընկերությունը երեք մեղադրանք է ներկայացրել՝ կապված անլար հեռահաղորդակցույթան ստանդարտների հետ, մասնավորապես WCDMA և HSPA տեխնոլոգիաների։
Այս տարի երկու ընկերությունները միմյանց դեմ անընդհատ դատական հայցեր են հարուցում։ Apple- ն արդեն հաղթել է Samsung-ին՝ զրկելով Samsung-ին Galaxy սմարթֆոնի և Galaxy Tab պլանշետի վաճառքի իրավունքից Գերմանիայում և նախնական արգելքի հասել Ավստրալիայում։ Այժմ Samsung-ի պատասխան դատական գործընթացն է ընթանում՝ Ֆրանսիայում Phone 4S –ի վաճառքի դադարեցման համար։ Ընկերությունները մեղադրում են միմյանց դիզայնի և որոշ տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ։