Սյունիքի մարզում գտնվող աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «ՏաԹևերը», անթերի և անխափան է աշխատում, հոկտեմբերի 16-ին Հալիձոր կայարանում ճոպանուղու պաշտոնական գործարկման 1-ամյակին նվիրված մամլո ասուլիսում լրագրողներին հայտարարել է ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը: «Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ուղևորի անվտանգությունը»,- ասել է նա:
Ինչպես հաղորդել է Ղազարյանը, ճոպանուղու շահագործման ողջ ընթացքում ամեն օր իրականացվել է տեխնիկական զննում, իսկ սպասարկող անձնակազմն անցել է անհրաժեշտ վերապատրաստում: Բացի դրանից, Հայաստանի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» կողմից անցկացվել է տեխնիկական զննում, որի արդյունքներով «ՏաԹևերը» ճանաչվել է անվտանգ կառույց: «Առաջիկայում կանցկացվի ևս մեկ տեխնիկական զննում Շվեյցարիայից և այլ եվրոպական երկրներից կազմված անկախ փորձագետների հանձնաժողովի մասնակցությամբ»,- ասել է Ղազարյանը:
Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով:
«ՏաԹևեր» անունը կրող ճարտարագիտական այս հրաշքը, որը 5.7 կմ ձգվում է Որոտան գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները ճիշտ այնպես, ինչպես «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կամրջում է Տաթևի անցյալի ժառանգությունը շրջանի խոստումնալից ապագայի հետ: ՀՀ նախագահի խոսքերով, «Տաթևի վերածնունդը» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է:
Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին ստացել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ուղևորային ճոպանուղու կարգավիճակը:






