Google-ը հայտնել է, որ պատրաստվում է դադարեցնել Google Buzz-ը և ավելի կենտրոնանալ Google+ սոցիալական ցանցի զարգացման վրա, գրում է Mashable-ը։
«Մի քանի շաբաթից մենք կանջատենք Google Buzz-ը և Buzz API-ին»,-հայտնել է Google-ի արտադրանքների փոխնախագահ Բրեդլի Հորովիցը՝ գրելով ընկերության պաշտոնական բլոգում։
Google-ը բացի Buzz-ից անջատելու է մի քանի սոցիալական մեդիա ծառայություններ, օրինակ iGoogle-ի սոցիալան ֆունկցիաները։ Ինչպես նախկինում արդեն հայտարարվել էր ընկերության կողմից դադարեցվելու է նաև Google Labs-ի աշխատանքը։
Google Buzz-ը գործարկվել էր 2010-ի փետրվարին, որի նպատակն էր առաջատար դառնալ՝ մրցակցելով Twitter-ի և Facebook-ի հետ։ Սակայն, Buzz-ը մեծ հաջողությունների չհասավ, այն ժողովրդականություն էր վայելում միայն գործարկման սկզբնական շրջանում։ Իսկ այժմ հերթը Google+-ինն է, որն ունի արդեն 40 միլիոն օգտագործող իր դեռևս երեք ամսվա կյանքի ընթացքում։