Մայրաքաղաքի որպես «Գում-ի շուկա» հայտնի շուկայում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության մշտադիտարկումից հետո մսավաճառները ստեղծել են առևտրի պատշաճ պայմաններ: Այդ մասին հոկտեմբերի 18-ին Երևանում լրագրողներին է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը: Ըստ նրա, տեսչության աշխատակիցները բացատրական աշխատանքներ են տարել շուկայի աշխատակիցների հետ, ինչն ավելի մեծ արդյունքներ տվեց, քան վարչական տուգանքները:
Ավելին, ինչպես ասել է Վարժապետյանը, մսավաճառները պնդում են, թե պայմանները բարելավելու արդյունքում առևտուրն աշխուժացել է, սպառողները գնահատել են ստեղծված պատշաճ պայմանները՝ համազգեստը, սառնարանների առկայությունը: Վարժապետյանը հավելել է, որ մսավաճառների 80 տոկոսը շարունակում է գործել:
Հունիսին տեսչությունը ստուգումներ էր կատարել մայրաքաղաքի շուկաներում, որտեղ խախտումներ էին հայտնաբերվել մսի վաճառքի տաղավարներում, որոնք փակվել էին, իսկ մսավաճառներին ներկայացվել էին գործունեությունը շարունակելու անհրաժեշտ պայմանները:






