AM
18 Հոկտեմբեր 2011 - 12:21 AMT

Հայաստանում կխստացվեն հացի արտադրության ու իրացման պահանջները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը մշակել և կառավարությանն է ներկայացրել հացի և հացաբուլկեղենի արտադրության ու իրացման տեխնիկական պահանջները և հավելումների օգտագործման կանոնակարգը:: Այդ մասին հոկտեմբերի 18-ին Երևանում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության սննդի անվտանգության և որակի վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:«Գաղտնիք չէ, որ հացը Հայաստանում թիվ 1 սննդամթերքն է, սակայն, խնդիրներն այստեղ շատ են՝ կապված հացաթխման, հացի տեղափոխման եւ փաթեթավորման սանիտարահիգիենիկ պայմանների հետ»,-ասել է նա:

Ըստ Վարժապետյանի, սպառողին մտահոգող առավել ակտուալ խնդիրներից է փաթեթավորումը, քանի որ գործող օրենքը չի պարտավորեցնում արտադրողին դա անել: «Սպառողը պետք է իմանա` տվյալ հացը երբ է թխվել եւ ում կողմից»,-ասել է նա: Սննդի անվտանգության և որակի վերահսկողության ոլորտում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ: