Հայաստանի պետական գույքի կառավարման վարչությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Պետգույքի կառավարման մասին» օրենքի նոր նախագիծը, հոկտեմբերի 19-ին լրագրողներին է հայտնել պետկառույցի նորանշանակ պետ Արման Սահակյանը: Ըստ նրա, նոր օրինագիծը մշակել են վարչության մասնագետները, իսկ նրա ընդունումը թույլ կտա բարձրացնել կառավարման արդյունավետությունը, հաշվառել այն, ինչպես նաև թափանցիկ քաղաքականություն վարել այդ ոլորտում:
Վարչության պետը հավելել է, որ Վարչության աշխատանքի թափանցիկությունն ապահովելու ուղիներից մեկը էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրումն է ու էլեկտրոնային վարձակալության օգտագործման հնարավորությունը: Դա թույլ կտա ավելի շատ շահագրգիրռ կողմերի ներգրավել, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների, որոնք կկարողանան մասնակցել աճուրդներին:
Վարչության գերակա խնդիրներից է պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների և պետական ոչ առևտրային ու այլ կազմակերպություններին պետական անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքների գրանցման ապահովումը:
2011թ. հունվարի 1-ի դրությամբ պետգույքի հաշվառման գրանցմատյանում հաշվառված է 4223 անվանում անշարժ գույք, որից 703-ը դեռ չունի սեփականության իրավունքի պետական գրանցում: 2011թ. 1-ին կիսամյակում իրականացվել է 188 միավոր պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, 81 պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքվել է անհատույց օգտագործման պայմանագիր և ապահովվել պետական գրանցումը:
Բացի այդ, վարչությունը աշխատում է համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական շենք, շինությունների տակ գտնվող, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների հստակեցման ուղղությամբ:
Ինչպես ասել է Արման Սահակյանը, վարչությունը էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել 2010թ. ֆինանսատնտեսական դիտարկումների հիման վրա շահույթով աշխատող 75 առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում առաջարկվել է ներդնել կորպորատիվ կառավարման կանոնագիրքը:






