AM
19 Հոկտեմբեր 2011 - 12:14 AMT

Օրական 30 միլիոն մարդ Angry Birds է խաղում

Շատերի կողմից սիրված Angry Birds խաղը շարունակում է հանրաճանաչություն ձեռք բերել։ Ըստ խաղի հեղինակ Rovio ընկերության՝ խաղացողները յուրաքանչյուր օր միլիոնավոր ժամեր են հատկացնում Angry Birds խաղին։ Այս մասին գրում է Mashable-ը։

Rovio ընկերության գլխավոր տնօրեն Էնդրյու Սթալբոուն Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթաժողովի ժամանակ հայտնել է, որ Angry Birds խաղի բոլոր տարբերակները ներբեռնել են 400 միլիոն անգամ։ Նրա խոսքով՝ օրական 30 միլիոն մարդ խաղում է Angry Birds և 130 միլիոն ամսական։

Խաղացողները միասին վերցրած ծախսում են օրական 300 միլիոն րոպե խաղի վրա։ Այս թիվը հավասար է 109,5 միլիարդ րոպեի ամեն տարի և 1825 միլիոն ժամի։

Էնդրյու Սթալբոուն հայտնել է նաև, որ ամենաակտիվ խաղացողները Չինաստանից են։ Նա նաև տեղեկացրել է, որ շատ շուտով, երբ դուրս գա Halloween տոնին նվիրված խաղի նոր տարբերակը, խաղացողները կծանոթանան նոր թռչունի հետ։ Ըստ լուրերի նոր թռչունը լինելու է դեղին գույնի և տեսքով նման է լինելու բադիկի։

Angry Birds-ը հանրաճանաչ խաղ է՝ ստեղծված խաղերի նախագծմամբ զբաղվող ֆիննական Rovio Mobile ընկերության կողմից։ Խաղը թողարկվել է 2010-ի հոկտեմբերին։ Այն ունի iOS, Android, Symbian^3, webOS համակարգերի համար համապատասխան ծրագրեր, բացի դրանից հնարավոր է խաղալ նաև Chrome բրաուզերով։ Խաղը իրենից ներկայացնում է Թռչունների կռիվ ընդդեմ խոզուկների, կապիկների և այլն։ Rovio ընկերությունը պարբերապար թողարկում է նոր հավաքածուներ խաղի հերոսներով՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, մանկական հագուստ և այլն։