Այսօրվա դրությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը չորս հայկական բանկերի բաժնետեր է, ինչպես նայ փայատեր է այլ ոլորտների ընկերություններում՝ դեղագործական, ագրոբիզնեսի և այլ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: «Դեռևս դժվար է խոսել հետագա ծրագրերի մասին, ամեն ինչ կախված է ընկերությունների պահանջներից: Մենք պատրաստ ենք քննարկել ներդրումային ծրագրերը մեր հաճախորդների հետ»,-ասել է նա՝ մեկնաբանելով հայկական բանկերից մեկի բաժնետերերի կազմից դուրս գալու հնարավորությունը:
Իր հերթին բանկի տնօրենների խորհրդի անդամ Կուրտ Բայերը պարզաբանեց, որ ՎԶԵԲ-ը մշտապես չի մնում որևէ կազմակերպությունում կամ բանկում: «Մենք փորձում ենք օգնել ընկերություններին, դա գրավում է 3-6 տարի, կախված է նաև նրանից, թե ընկերությունն ունի մեր աջակցության կարիքը թե ոչ, ինչպես նաև շուկայի վիճակից: Մենք կարող ենք դուրս գալ միայն այն դեպքում, եթե դուրս գալու գինը գերազանցում է ընկերություն մուտք գործելու գինը»,-ասել է նա:
Նա հիշեցրել է, որ ՎԶԵԲ-ն աշխատում է երկու ուղղությամբ՝ վարկեր է տրամադրում ու ներդրումներ է կատարում ընկերությունների կառույցներում, դա կախված է ընկերության տեսակից:
ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակությունը Հայաստանում է գտնվում է հոկտեմբերի 17-21-ը: Հնարավորություն է տալիս տնօրենների խորհրդին տեղեկատվություն ստանալ բանկի ներկայության երկրներում առկա զարգացումների մասին: Հայաստան այցելության նպատակն է տնտեսության առաջնայնությունների, ինչպես նաև Հայաստանի համար 2012-15թթ. ծրագրվող ռազմավարության շրջանակներում հանրապետությունում ՎԶԵԲ-ի դերի մասին առավել հստակ պատկերացման ձևավորումը:
Այցի շրջանակերում պատվիրակները հանդիպել են ՀՀ նախագահի, վարչապետի, ԿԲ նախագահի և այլ պաշտոնյաների ու գորածարարների հետ: Պատվիրակության կազմում են Ժերոմ Բակոնին (Ֆրանսիա), Կուրտ Բայերը (Ավստրիա, Իսրայել, Կիպրոս, Մալթա, Ղազախստան, Բոսնիա և Հերցոգովինա), Օլե Բլոնդալը (Դանիա, Իռլանդիա, Լիտվա), Ջիանլուկա Գրանդին (Իտալիա), Օլե Հովլանդը (Նորվեգիա, Ֆինլանդիա, Լատվիա), Հերբերտ Ջունկը (Գերմանիա), Յան Մաասը (Նիդերլանդներ, Մոնղոլիա, Մակեդոնիա), ինչպես նաև Պեդրո Մորիյոն (Իսպանիա, Մեքսիկա): Հայաստանում 1992թ. ի վեր գործող ՎԶԵԲ-ն մինչ օրս ներդրումներ է կատարել շուրջ 100 ծրագրերում և շուրջ 450 մլն եվրո հատկացումներ է արել:






