Ճանաչված Livejournal բլոգային սոցիալական հարթակի օգտագործող timag82 մականվան տակ հանդես եկող բլոգերը ստեղծել է Հարավային Կովկասի, Վրաստանի և Հայաստանի Livejournal-յան բլոգերների վարկանշային ցուցակ։ Այս մասին իր բլոգում գրում է բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։
Ցուցակները ներառում են տվյալ երկրի Livejournal-յան բլոգերների ընդհանուր քանակը (որքան կարողացել են հավաքագրել), ակտիվ բլոգերների թիվը, բլոգերների միջին տարիքը, օրական գրառումների միջին քանակը, օրական ստացած և կատարած մեկնաբանությունների քանակը, բլոգերների ամենատարածված նախասիրությունները, ընկերների միջին քանակը, ընկերների աշխարհագրական վիճակագրությունը, բլոգոսֆերայի առաջատար բլոգերներին և բլոգերներն ըստ այբբենական ցանկի։
Հարավային Կովկասի երկրներից ցուցակում ներկայացված են Դաղստանից՝ 310 բլոգ, Չեչնիայից՝ 267, Ինգուշեթիայից՝185, Հարավային Օսեթիայից՝ 221, Չերքեզիայից՝ 82 և այլ 141 բլոգ։
Աբխազիայի ցուցակում հավաքվել է 103 բլոգեր, իսկ Վրաստանի ցուցակում՝ 179։ Ընդհանուր ցուցակում ներկայացված են 1719 բլոգեր, որոնցից 1000-ն են ակտիվ։
Հայաստանի ցուցակում առկա է 246 բլոգ, որից ակտիվ են 165-ը։ Այս բլոգերների տարիքը միջինում կազմում է 33 տարեկան։ Նրանք բոլորը միասին վերցրած օրական միջինում կատարում են 94 գրառում, ստանում և ուղարկում օրական միջինում համապատասխանբար 1083 և 1056 մեկնաբանություն և բոլորը միջինում ունեն 288 ընկեր։ Հայ բլոգերներն ամենից շատ հետաքրքրվում են Հայաստանով, երաժշտությամբ, գրականությամբ, լուսանկարներով, ճամփորդություններով, Արցախով, լրագրությամբ, քաղաքականությամբ և այլն։
Դե իսկ առաջատարների ցուցակում գրառումների քանակով առաջինն է Սամվել Մարտիրոսյանը (kornelij), Yandex-ի բլոգերի վարկանշայից ցուցանիշով առաջինն է Մարկ Գրիգորյանը (markgrigorian), ապա կրկին Սամվել Մարտիրոսյանը։
Ստեղծված վարկանշային ցուցակներում բացակայում են միայն ադրբեջանական բլոգերները։ Բազմաթիվ բլոգերներ կոչ են անում ադրբեջանցիներին արձագանքել և հավաքել Livejournal-յան բլոգերների իրենց ցուցակը։
Այս ցուցակները հավաքվել են կովկասյան երկրների Livejournal-յան օգտագործողների կողմից։ Օրինակ հայկական Livejournal-յան բլոգոսֆերայի հավաքն իրականացնում է Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում։ Իսկ վարկանշային սանդղակը կազմվել է՝ հիմք ընդունելով Yandex Blog-երի վիճակագրությունը։






