«ԱրմենՏել » ընկերությունը հայտարարում է «Ստատիկ IP-հասցե» ծառայության գործարկման մասին: Այն նախատեսված է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների (բացառությամբ «Մեգա+») բաժանորդ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
«Ստատիկ IP-հասցե» ծառայությունն ապահովում է համակարգչի մշտական էլեկտրոնային հասցե, որը չի փոխվում համակարգի վերաբեռնավորման կամ ինտերնետին վերամիացման դեպքում: Այն կտրամադրվի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներին գրավոր դիմումի հիման վրա: Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսական բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: «Ծառայությունը հատկապես հարմար է այն բաժանորդներին, ում անհրաժեշտ է առանց դժվարության ապահովել իրենց համակարգչի հեռահառ հասանելիությունը, կիրառել մասնագիտացված ծառայություններ կամ խաղեր, որոնք պահանջում են ստատիկ IP-հասցեներ: Այն հնարավորություն կընձեռի մեր բաժանորդներին առավելագույն արդյունավետությամբ և հարմարավետությամբ օգտվել Ինտերնետից տանը կամ աշխատանքի վայրում», – նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Բաժանորդային վարձ չի գանձվում իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներից, որոնք օգտվում են 1024 կբիթ/վ և ավելի բարձր արագությանբ անսահմանափակ սակագնային փաթեթներից:
Ստատիկ IP-հասցեն` համակարգչի ունիվերսալ մշտական IP-հասցե է, որը չի փոխվում կապի յուրաքանչյուր նոր սեանսի ժամանակ: Ստատիկ IP-հասցեն թույլ է տալիս բաժանորդին կազմակերպել համակարգչային տարբեր ծառայություններ, մասնավորապես, տեղեկատվության ուղիղ հասցեագրում հատկացված ստատիկ IP-հասցեին, վիրտուալ WEB-սերվերների կազմակերպում տնային կամ գրասենյակային համակարգչում առանց դոմեյնների օգտագործման և գրանցման, Ինտերնետի միջոցով հեռահար մուտքի հնարավորությամբ կորպորատիվ ցանցերի կազմակերպում և այլն: