«Երևանյան վեբ-հանդիպումներ» նախագծի շրջանակներում Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայան իր վարպետության դասի ժամանակ պատմեց օնլայն տեսագովազդների տեսակների մասին և թե ո՞ր տեսագովազդներն են արդյունավետ։
Աննա Զնամենսկայայի կարծիքով, ինտերնետում տեսագովազդներն ավելի արդյունավետ են, քան հեռուստատեսությունում։ «Եթե հեռուստացույց դիտելիս մարդ գովազդի ժամանակ հեռանում է էկրանից, ապա ինտերնետում ֆիլմ դիտելիս, օրինակ եթե գովազդը ֆիլմի սկզբում է կամ մեջտեղում, օգտագործողը այսպես թե այնպես այն դիտում է»,-նշեց նա։
Ըստ նրա՝ օնլայն տեսագովազդները լինում են մի քանի տեսակ՝ գովազդ տեսանյութի սկզբում (preroll), վերջում (postroll), ընթացքում (հեռուստատեսության գովազդի պես), բաներ տեսանյութի վերևի կամ ներքևի մասում և ինտերակտիվ (օրինակ անակնկալ գովազդ՝ երբ մարդն էկրանից դուրս է թռնում և այլն)։
Աննա Զնամենսկայան կարծում է, որ տեսագովազդները հիմնականում իմիջային բնույթ ունեն, իսկ բաներները մղում են կոնկրետ գործողությունների։ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ կայքերի գլխավոր էջում 2 վայրկյանից ավելի չեն մնում։ Ֆլեշ-բաներ պատրաստելիս պետք է գլխավոր գովազդվող ապրանքը, զեղչը, նորությունը հենց սկզբից ցուցադրել, այլապես դիտողը մինչև վերջ չի սպասի և չի նկատի»,-ասաց նա։
Աննա Զնամենսկայան անդրադարձավ նաև գումարով թրաֆիկ (այցելություններ) գնելու մասին։ «Եթե նախկինում գովազդատուները տեղյակ չէին և չէին հասկանում, որ շատերը գումարով թրաֆիկ են գնում, որ գովազդատու ճարեն, ապա այժմ գովազդատուներն ավելի խելացի են։ Շատ հաճախ նրանք պահանջում են կայքերին ցուցադրել Google Analytics-ի վիճակագրությունը»,-ավելացրեց նա։
Աննա Զնամենսկայան նաև մի քանի խորհուրդ տվեց ստարտաթ վեբ-նախագծեր նախաձեռնողներին։ Ըստ նրա, հաջողության հասնելու համար կարևոր է հինգ էլեմենտ՝ գաղափարը, թիմը, արտադրանքը, մարքեթինգը և զարգացումը։
«Երևանյան վեբ-հանդիպումներ» նախագծի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետներ վարում են վարպետության դասընթացներ։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և անցկացվում են ոչ ֆորմալ մթնոլորտում։ Նախաձեռնողն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։






