AM
18 August 2000 - 13:39 AMT

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` երկրորդ հազարամյակի վերջին նստաշրջանի նախօրեին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Միջխորհրդարանական միության կողմից առաջին անգամ կկազմակերպվի աշխարհի խորհրդարանների նախագահների համաժողով, որին մասնակցելու նպատակով Նյու Յորք կմեկնի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Այս մասին հաղորդել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խորհրդարանների ղեկավարների համաժողովը նպատակ ունի բարձրացնել խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը միջազգային քաղաքականության, միջպետական համագործակցության բնագավառում, ինչպես նաեւ ապահովել խորհրդարանականների մասնակցությունը միջազգային կարեւոր բանակցություններին: Միջոցառումը, նախաձեռնողնեի կարծիքով, լուրջ քայլ կարող է դառնալ նաեւ Միջխորհրդարանական միության եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության շրջանակների ընդլայնման, 1996թ. այդ կազմակերպությունների միջեւ կնքված համաձայնագրի իրականացման գործում:
Ըստ Միջխորհրդարանական միության նախագահ Նաջմա Հեփթուլլայի, համաժողովը լինելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` հազարամյակի վերջին նստաշրջանին խորհրդարանների ավանդը:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է ընդունել հռչակագիր երրորդ հազարամյակի շեմին խորհրդարանականների միջազգային համագործակցության վերաբերյալ:
Բացման խոսքով հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մայք Մուրը: Ելույթ կունենա նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը:
Միջխորհրդարանական միությունը, որն ստեղծվել է 1889թ. եւ միավորում է աշխարհի խորհրդարանները, ներկայումս ունի 138 անդամ խորհրդարան եւ 5 ասոցիացված տարածաշրջանային խորհրդարանական վեհաժողով:
Միության նպատակներից մեկը ՄԱԿ-ի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության գործունեության մեջ ազգային խորհրդարանների եւ նրանց անդամների ուղղակի մասնակցության ապահովումն է: –0–