AM
25 October 2011 - 09:19 AMT

Հայաստանում մեկնարկել է iPhone 4S-ի ոչ պաշտոնական վաճառքը

Հայաստանում մեկնարկել է iPhone 4S սմարթֆոնի ոչ պաշտոնական վաճառքը։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում iPhone.am խանութների ցանցի վաճառքի գծով մենեջեր Արամ Թադևոսյանը նշեց, որ iPhone.am-ն արդեն վաճառում է iPhone 4S-ի սև և սպիտակ, 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակները։

Արամ Թադևոսյանն ասաց, որ վաճառքի մեկնարկի օրն արդեն 5 հաճախորդ դարձել է iPhone 4S-ի օգտագործող։ iPhone 4S-ի երեք տարբերակները վաճառվում են՝ 498 000 դրամից մինչև 572 000 դրամով, իսկ iPhone 4-ի արժեքը 20 000-ից 30 000 դրամով նվազել են։

Ըստ Արամ Թադևոսյանի՝ ճիշտ է iPhone 4-ի և iPhone 4S-ի միջև տարբերություններ կան, սակայն iPhone 4-ը շատ հզոր սմարթֆոն է և շարունակելու է մնալ լավ վաճառվողներից։ Նա նաև նշեց, որ մեկ ամիս անց նոր iPhone 4S-ի վաճառքի գինը թեթևակի կնվազի, քանի որ շուկայում կլինեն նաև այլ ներկրողներ։

Դե իսկ iPhone պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Օրանժ Արմենիա ընկերությունը հայտնել է, որ մինչև Նոր տարի Օրանժը-ը iPhone 4S-ը պաշտոնապես կներկայացնի Հայաստանում։

Apple ընկերությունը ներկայացրեց աշխարհին iPhone-ի նոր տարբերակը հոկտեմբերի 4-ին։ iPhone 4S-ի պատյանը նույնն է, ինչ iPhone 4-ինը։ iPhone 4S-ը աշխատում է A5 պրոցեսորով, որը նախագծվել էր iPad 2-ի համար։ Սմարթֆոնի տեսախցիկը 8 մեգապիքսել է, որը թույլ է տալիս նկարել բաձր որոշմամբ (Full HD)։ iPhone 4S-ը թողարկվում է 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակներով: Այն աշխատում է iOS-ի նոր թարմացմամբ՝ iOS5 համակարգով։