AM
25 Հոկտեմբեր 2011 - 11:29 AMT

Արցախն ապրում է բջջային կապում մենաշնորհի իր «դարաշրջանը»

Հայաստանից Արցախ մեկնողները զարմանում են, որ Արցախը ռոումինգ է, այն էլ Հայաստան զանգելու համար բավական բարձր սակագներով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ լինելու դեպքում րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի ` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի ` 170 դրամ։

Արցախն ապրում է բջջային կապում մենաշնորհի «դարաշրջանը»։ Եվ քանի որ ռոումինգը սահմանվում է որպես յուրաքանչյուր երկրի աշխարհագրական սահմանից դուրս կատարվող զանգ, Արցախում հայաստանյան օպերատորներին բոլոր պայմանները թելադրում է Ղարաբաղ Տելեկոմը՝ ոչ միայն ստեղծելով «հայաստանցիների» ու «ղարաբաղցիների» կարծրատիպ, այլև թելադրելով անհավասար պայմաններ երեք օպերատորներին։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկացմամբ ռոումինգ ծառայության գնագոյացումը կատարվում է հետևյալ սկզբունքով, այն է՝ ԼՂՀ օպերատորը պայմանագիր է կնքում ՀՀ օպերատորների հետ՝ սահմանելով իր ցանցում զանգերի սպասարկման ստատիկ վճար։ ՀՀ օպերատորներն էլ այդ ստատիկ վճարին տոկոսային հավելում են կատարում և առաջարկում իրենց բաժանորդներին։ Համաձայն ՀԾԿՀ որոշման, հավելումը չի կարող գերազանցել ԼՂՀ օպերատորի կողմից սահմանված ստատիկ վճարի 15%-ը։

Նայելով ռոումինգ սակագներին (ՎիվաՍել-ՄՏՍ-ի` 140 դրամ, Orange` 165 դրամ, ԱրմենՏել` 170 դրամ)` նկատելի է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սակագինն ավելի ցածր է։ Ենթադրաբար ՂՏ-ն ՎիվաՍել-ՄՏՍ-ին ավելի ցածր ստատիկ սակագին է առաջարկել, քան մյուս օպերատորներին։ Հաշվի առնելով, որ «Ղ-Տելեկոմ» -ի 80%-ը պատկանում է ՄՏՍ խմբին՝ այս անհավասարությունը զարմանալի չի թվա։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ՂՏ-ն հավասար ստատիկ վճար է առաջարկել երեք օպերատորներին, ապա դա նշանակում է, որ Օրանժն ու ԱրմենՏելը խախտում են ՀԾԿՀ որոշումը` գերազանցելով ստատիկ սակագնի վրա ավելացվող տոկոսային հավելումը։

Այս թվերից ու փաստերից եզրակացությունը մեկն է՝ Արցախում կա մենաշնորհ և ռոումինգում գնային փոփոխություններ չեն լինի, մինչև մրցակցությունը չհասնի ԼՂՀ։

Ի՞նչ են կարծում ՀՀ երեք օպերատորները և ինչպե՞ս է մեկնաբանում ՂՏ-ն ռոմինգյան այս «խառնաշփոթը»: Այս հարցերի պատասխանները PanARMENIAN.Net-ի թղթակիցը պարզել է «Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցը» հոդվածում։