AM
26 Հոկտեմբեր 2011 - 08:50 AMT

ՀԲ-ն Հայաստանին լրացուցիչ 18 մլն դոլար է հատկացրել ոռոգման համակարգի վերականգնման համար

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 18 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին` «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին։

Այս ընդլայնումն ու վերակառուցումը կբարձրացնի ջրօգտագործման արդյունավետությունը ծրագրում ընդգրկված ոռոգման համակարգերում, ինչպես նաև անմիջականորեն կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանի 7 մարզերում:

Վերականգնման աշխատանքներ կիրականացվեն 50 կմ ընդհանուր երկարությամբ մայր ջրանցքներում և երկրորդային ջրանցքներում, որոնք սպասարկում են 52.000 հա հողատարածքներ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում, ինչը հնարավոր կդարձնի ջրի կորուստների նվազեցումը մոտ 34,4 միլիոն խորանարդ մետրով և հնարավորություն կստեղծի վերականգնելու ոռոգումը մոտ 4.700 հա հողատարածքներում: Բացի այդ, ևս 63 կմ ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնումը Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի 19 համայնքներում կնվազեցնի ջրի կորուստը 9,9 միլիոն խմ-ով, կբարելավի գործող ոռոգման ջրի ծառայության մակարդակն ավելի քան 2.500 հա հողատարածքներում և հնարավորություն կստեղծի վերականգնելու ոռոգումը 1.760 հա հողատարածքներում: Տարեկան կտրվածքով ջրի խնայողությունը (44,2 միլիոն խմ), որը համարժեք է ջրի 1,4 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական արժեքին, հնարավորություն կտա վերականգնել ոռոգումը 6.500 հա նախկինում ոռոգվող հողատարածքներում:

Ծրագիրն ուղղակիորեն կաջակցի ավելի քան 88.000 գյուղացիների` բարձրացնելով նրանց հողատարածքների եկամտաբերությունն ու նրանց եկամուտները: Այս ծրագիրը սատարում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու կայուն աճի խթանմանն ուղղված կառավարության ջանքերին:

«Ոռոգման համակարգի վերականգնումը նաև կապահովի մոտ 7.000 մարդ-ամիս ժամանակավոր աշխատատեղ և կստեղծի գյուղատնտեսության ոլորտում մոտ 2.100 մշտական աշխատատեղ ավելացնելու հնարավորություն։ Աշխատատեղերի ստեղծումն այս ծրագրի կարևոր բաղադրիչներից է»,- ասել է Հապին:

Մայր ծրագրով վերականգնվել են ջրանցքների մոտ 89,4 կմ հատվածներ` ներառյալ 57,7 կմ Թալինի և 31,7 կմ Արմավիրի մայր ջրանցքներից: Ջրի կորուստը նվազել է 96,9 միլիոն խորանարդ մետրով` եղած շուրջ 114 միլիոն խմ-ից: Շինարարության ընթացքում ստեղծվել էր 11.379 մարդ-ամիս ժամանակավոր աշխատատեղ (նախատեսված 9.000-ի փոխարեն), որի 67 տոկոսը` որակավորում չպահանջող աշխատանքներ, որոնցից առաջին հերթին օգտվեցին առավել անապահով ընտանիքները: Առավել երակարաժամկետ նվաճումներից է ոռոգման վերականգնումը մոտ 8.000 հա հողատարածքներում` ի շահ շրջակա տարածքների փոքր գյուղացիական տնտեսությունների: