Ֆիննական սմարթֆոն արտադրող Nokia ընկերությունը վերջապես թողարկեց երկրար սպասված, Microsoft-ի Windows Phone 7.5 օպերացիոն համակարգով աշխատող իր առաջին երկու սմարթֆոները։ Lumia 800 և Lumia 710 մոդելները սկիզբն են դնում Nokia-ի և Apple-ի iPhone սմարթֆոնի պայքարին և համալրում են նաև Google-ի Android համակարգի մրցակիների շարքը։ Այս մասին հաղորդում է BBC-ին։
Այժմ Windows Phone 7.5 օպերացիոն համակարգը դառնալու է Nokia սմարթֆոնների մշտական հարթակը։ Nokia-ի գործադիր տնօրեն Շտեֆան Էլոփը ասել է, որ նոր սմարթֆոնների թողարկմամբ սկսվում է Nokia-ի վերածնունդը։ «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ միշտ յուրօրինակ բան պատկերացնեն Nokia անունը լսելիս», – ասել է նա։
Lumia 800-ը ունի 3.7 դյույմ (480×800) զգայուն էկրան։ Այն հագեցած է 1.4GHz պրոցեսորով և 16Գբ ներքեին հիշողությամբ (մինչև 25 Մբ ավելացնելու հնարավորությամբ)։ Սմարթֆոնի ֆոտոխցիկը 8 մեգապիքսել է։ Ֆոտոխցիկի ծրագիրը հագեցած է մի շարք խմբագրման ֆունկցիաներով՝ white balance-ի կարգավորում, կարմիր աչքի նվազում և այլն։ Սմարթֆոնի վաճառքը մեկնարկում է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և մի քանի այլ եվրոպական երկրներում նոյեմբերին. Այն կարժենա մոտ 420 եվրո։ Այս մասին հայտնում է CNET-ը։
Lumia 710-ը Lumia 800-ի մատչելի տարբերակն է։ Արժենալով 270 եվրո, այն ունի 1.4GHz պրոցեսոր, 3,7 դյույմ էկրան, 8Գբ ներքին հիշողություն (մինչև 16Գբ հնարավորությամբ) և 5 մեգապիքսել ֆոտոխցիկ։ Սմարթֆոնը հասանելի է լինելու սև և սպիտակ գույներով՝ բազմագույն ետևի պատյանների առաջարկներով։ Այն նախատեսվում է վաճառքի հանել այս տարվա վերջում Ռուսաստանում, Հնդկաստանում, Հոն Կոնգում, Սինգապուրում, Թայվանում։
Սմարթֆոնները ներառում են այնպիսի ծառայություններ, ինչպիսին են ESPN Sports Hub-ը, Nokia Drive-ը, Nokia Music-ը և Mix Radio-ն, Nokia Pulse-ը, որը միավորում է սոցիալական ցանցային շփումը գեոլոկացիոն ծառայությունների հետ։
Բացի այս սմարթֆոններից Nokia-ն հայտարարել է ևս նոր 4 հեռախոսների մասին, որոնք անվանել է Asha, այն հնդկերեն հույս բառից է։ Asha հեռախոսների շարքը զարգացող երկրների համար է նախատեսված լինելու և ավելի էժան է վաճառվելու։ Դրանք ունենալու են 5 մեգապիքսել ֆոտոխցիկ, 32Գբ հիշողություն և մի քանի այլ ստանդարտ ֆունկցիաներ։
2011-ի փետրվարին Nokia-ն հայտնեց Microsoft-ի հետ իր համագործակցության մասին։ Nokia-ն, սակայն, շարունակելու է միաժամանակ թողարկել նաև իր սեփական Symbian համակարգով աշխատող սմարթֆոններ մինչև 2016թ։ Ընկերության 2011-ի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը ցույց տվեց 68 միլիոն եվրոյի կորուստ։ Սրա պատճառը Symbian սմարթֆոնների վատ վաճառքն էր։






