AM
26 October 2011 - 12:03 AMT

Վաղը Երևանում մեկնարկում է POPOK գովազդի միջազգային փառատոնը

Վաղը երեկոյան Երևանի Մոսկվայի տանը մեկնարկում է POPOK գովազդի միջազգային փառատոնը։ Փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 27-29-ը՝ ներկայանալով նոր գույներով և ավելի քան 450 աշխատանքներով, տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները։

Ներկայացվելու են աշխատանքներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից և Ղազախստանից: Հյուրերի թվում են արտասահմանցի մասնակցիներ, գովազդային և տեղեկատվական ոլորտի, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:

Ժյուրին աշխատանքները քննելու է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Այս տարի առավել շատ են ներկայացվել թվային և նոր գովազդակիրները, ինչպես նաև մարքեթինգային արշավները: Մրցութային գործերի մոտ մեկ հինգերորդը բաժին է ընկնում Հայաստանին:

Փառատոնի ընթացքում աշխարհի առաջատար մասնագետները յուրաքանչյուր օր վարպետության դասեր կվարեն՝ գովազդի, մարքեթինգի և հաղորդակցության միջազգային փորձառությունը ներկայացնող թեմաներով, ինչպես նաև կներկայացվեն չորս միջազգային գովազդային փառատոներ: Տոմսերը կարելի է ձեռք բերել Մոսկվայի տանը:

Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալությունների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։