Երևանում ավարտվել է «ԱՊՀ անդամ երկրների խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման հանձնաժողովների» 12-րդ նիստը և միջազգային աշխատանքային խմբերի խորհրդակցությունը: Ինչպես լրագրողներին է հայտնել հանձնաժողովի նախագահ, «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկին, նիստում քննարկվել է այս տարվա մայիսին ընդունված «Մինչև 2020թ. ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության շրջանակային ծրագրի» կատարողականը:
Զեկույցներ են ընթերցվել ատոմային էներգետիկայի ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման, ֆիզիկոսների որակավորման բարձրացման ԱՊՀ տարածաշրջանային կենտրոնի ստեղծման, ԱԷԿ-ի անվտանգության ապահովման, ճառագայթային տեխնոլոգիաների ու ճառագայթային անվտանգության ոլորտում «Ռոսատոմի» կողմից ՄԱԳԱՏԷ-ի, ԱՀԿ-ի չափանիշների ներդրման մասին, ինչպես նաև 2012թ. աշխատանքների պլանը:
Հանձնաժողովի նիստին և աշխատանքային խմբերի խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ՌԴ տնտեսական զարգացման նախարարության, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ անդամ երկրների խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հանձնաժողովի քարտուղարության, «Ռոստեխնադզորի», «Ռոսատոմի», ինչպես նաև մի շարք ռուսական ձեռնարկությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:






