Հոկտեմբերի 28-30-ը Արցախում կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» համաժողովը՝ նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին։ Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Արցախի Տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից։
Ֆորումի օրակարգային հարցերից են` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և աշխատուժի զարգացման խնդիրները, Արցախի Տեխնոլոգիական ձեռներեցության ենթակառուցվածքների զարգացման խնդիրները, տեխնոլոգիական լուծումները Արցախի արդյունաբերության համար, Արցախի տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները և այլն: Միջոցառման բացումը կիրականացնի Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։
«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումն առաջին անգամ Արցախում անցկացվել է 2010թ-ի հոկտեմբերին: «Հիմնվելով նախորդ հանդիպման արդյունքում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և ունեցած ձեռքբերումների վրա, մասնավորապես՝ Տեխնոլոգիական ինկուբատորի շինարարության մեկնարկը, «Ինստիգեյթ», «Լայմ Տեխ», «Յունիքոմփ» ընկերությունների, «Նորք» Տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից Արցախում մասնաճյուղերի հիմնումը, որոշվեց քննարկել Արցախի տեխնոլոգիական հետագա զարգացման խնդիրները և նպաստել տեխնոլոգիական առաջընթացին»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:






