Այսօր POPOK գովազդի միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվեց 4 վարպետության դաս։ Զեկուցողները Ռուսաստանի գովազդի մասնագետներ էին։ Նրանցից TWIGA TOUCH կրեատիվ գործակալության գլխավոր տնօրենՄիխայիլ Ելագինի ներկայացման թեման էր «Տասը չի սպառնում. հաղորդակցության համար սարսափելի կանոններ և դրանք արդյունավետ շրջանցելու օրինակներ»։
Ըստ նրա, գովազդատուները գովազդ պատվիրելիս հավատում են մի քանի դոգմատիկ կանոնների։ Եվ որպես կանոն այդ դոգմաները խախտելը ըստ գովազդատուների կբերի անարդյունավետ և վատ գովազդի։ Միխայիլ Ելագինը առանձնացրեց 10 դոգմատիկ կանոն գովազդատուների համար, որոնք բազմիցս մի շարք խոշոր ընկերությունների կողմից խախտվել են և տվել հիանալի արդյունք։
«Երբ գովազդատուն հակված է տարբեր կարծրատիպերի, դա խանգարում է ավելի ստեղծագործական գովազդի ստեղծմանը։
Օրինակ, գովազդատուները կարծում են, որ գովազդում պարտադիր անհրաժեշտ է գովաբանել սեփական ապրանքը, բրենդը կամ ժխտող մասնիկներ չօգտագործել, այլապես, ըստ նրանց, մարդկանց ենթագիտակցությունն այլ կերպ կընկալի։ Սակայն, այս դոգմաներին հակառակ կան հիանալի օրինակներ, որոնք ապացուցում են, որ ամենևին, ամեն ինչ հակառակ կերպ է ազդում և արդյունավետ է»,-ասաց նա և օրինակ բերեց հայտնի Rexona ապրանքանիշի գովազդային կարգախոսը՝ «Никогда не подведет» (երբեք չի դավաճանի) կամ Gilette ապրանքանիշի կարգախոսը՝ «Лучше для мужщины нет» (ավելի լավը չկա տղամարդու համար) և նման այլ օրինակներ։
Միխայիլ Ելագինը հատուկ առանձնացրեց այն կարծրատիպը, թե բոլոր կարգախոսները պետք է կարճ լինեն, որ դիպուկ գործեն։ «Guinness գարեջուրը երկար էին միշտ լցնում, դա էր գարեջրի տեխնոլոգիան։ Շատերը չէին սիրում սպասել և ընկերությունն այս թերությունը գովազդոմ որպես առավելություն ներկայացրեց և ընտրեց ավելի քան 7 բառից բաղկացած կարգախոս՝ «Good things come to those who wait» (լավ բաները նրանց են հասնում, ովքեր սպասում են)։ Այս կարգախոսը բոլորը հիշում են, սա ապացույց է, որ պարտադիր չէ դիպուկ և հիշվող լինելու համար կարճ կարգախոս հորինել»,-նշեց նա։
Միխայիլ Ելագինն անդրադարձավ նաև այլ կարծրատիպերին՝ թե մրցակիցներին վատաբանել գովազդում չի կարելի, կամ եթե գովազդը կարճ է, ուրեմն պատմություն հնարավոր չէ պատմել այդ կարճ վայրկյանների ընթացքում և այլն։
Վաղը փառատոնի շրջանակներում անցկացվելու են ևս երեք վարպետության դասեր։
Փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայի տանը՝ ավելի քան 450 աշխատանքներով։ Ներկայացվելու են աշխատանքներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից և Ղազախստանից: Հյուրերի թվում են արտասահմանցի մասնակցիներ, գովազդային և տեղեկատվական ոլորտի, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:
Ժյուրին աշխատանքները քննելու է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Այս տարի առավել շատ են ներկայացվել թվային և նոր գովազդակիրները, ինչպես նաև մարքեթինգային արշավները:
Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալությունների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։
Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Գովազդային խորհուրդը, «Անտարես», «Շարմ», «Ստատուս» Հոլդինգը, Դիիմ Քոմյունիքեյշնս ընկերությունը և Ռադիո Վանը։