AM
28 October 2011 - 09:28 AMT

POPOK 2011.Եթե կա բրենդային ոճ, ապա կա ճանաչելիություն, գտնում է Վլադիսլավ Դերևյաննիխը

Այսօր POPOK գովազդի միջագային փառատոնի երկրորդ օրն է և շարունակվում են փառատոնի շրջանակներում անցկացվող Ռուսաստանից ժամանած հյուրերի՝ գովազդի մասնագետների, դիզայներների, վարպետության դասերը:

Ռուսական Voshod ընկերության դիզայներ Վլադիսլավ Դերևյաննիխը պատմեց հայտնի լոգոների մասին. ինչպես են դրանք ստեղծվել և թե յուրաքաչնյուր լոգոյի համար որքան կարևոր է բրենդային ոճը:

«Եթե կա բրենդային ոճ, ապա կա ճանաչելիություն (այդենթիկա): Ես կարող եմ ստեղծել 30 րոպեում լոգո՝ ընտրում եմ տառատեսակը, ավելացնում գույն, ստվեր, այդպես կենդանի դարձնում այն: Սակայն եթե այն չունենա բրենդային ոճ, իհարկե, պատվիրատուն կասի «իմ քարտուղարն էլ կարող է նման լոգոտիպ պատրաստել»,-ասաց նա:

Ըստ Վլադիսլավ Դերևյաննիխի, օրացույց, գովազդ, բաններ և նման գովազդային այլ բաներ պատրաստելիս, կարևոր է բրենդային ոճը և ոչ լոգոն: «Օրինակ, Բիլայնն իր սև և դեղին գույներով վարակիչ ճանաչելիություն ունի: Նրանք ներկում են ամեն ինչ իրենց գույներով և անգամ Բիլայնի դիզայներները կարելի է ասել, դարձել են իրենք իրենց զոհը, էլ ոչինչ չեն թողել, որ սև և դեղին ներկած չլինեն»,-նշեց նա:

Վլադիսլավ Դերևյաննիխը կարևորեց նաև լոգոների դինամիկան: Ըստ նրա շարժվող և դինամիկ լոգոները շատ ավելի հետաքրքիր են և ճանաչելիություն են ձեռք բերում:

«Կարելի է ստեղծել լոգոտիպ, որն ամեն անգամ տարբեր է, սակայն նույն ոճով է կամ նույնն է, բայց ամեն անգամ տարբեր ֆոների վրա է: Ես գիտեմ մի լոգոյի պատմություն, որը ոչ միայն ամեն անգամ ձևն էր փոխում, այլև գույները: Ծրագրավորողները գրել էին մի ծրագիր, որն ավտոմատ փոխում էր գույները և ամեն անգամ կարիք չկար այդ գործը դիզայներին հանձնարարել», ասաց նա:

«Աչքերը փակ մենք հիշում ենք պատկերներ և անգամ ձայնը: Իսկ օրինակ հոտը զգում ես այն ժամանակ, երբ անցնում ես մի բանի կողքով և այստեղ ճանաչելիություն է տեղի ունենում: Օրինակ, երբ զնգում է Nokia հեռախոսը, մենք ճանաչում ենք նրա ձայնը, կամ Windows-ը միանալիս ունի իր ճանաչելի ձայնը», ավելացրեց նա:

POPOK-ն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայի տանը՝ ավելի քան 450 աշխատանքներով տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Իսպանիայից և այլն: Հյուրերի թվում են արտասահմանից 35-40 մասնագետներ՝ գովազդային և տեղեկատվական ոլորտի:

Ժյուրին աշխատանքները քննելու է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Այս տարի առավել շատ են ներկայացվել թվային և նոր գովազդակիրները, ինչպես նաև մարքեթինգային արշավները:

Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալությունների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Գովազդային խորհուրդը, «Անտարես», «Շարմ», «Ստատուս» հոլդինգը, «Դիիմ Քոմյունիքեյշնս» ընկերությունը և Ռադիո Վանը։