ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցեր:
Մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կքննարկեն համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, ինչպես նաև կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Այցելության արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։






