AM
28 October 2011 - 11:18 AMT

POPOK 2011: MacDonald’s-ը գլոբալիզացիայի ամենահայտնի խորհրդանիշն է, գտնում է Բեն Բենիմանան

Այսօր Popok միջազգային գովազդի փառատոնի շրջանակներում կայացած վարպետության դասերի ժամանակ Ռուսաստանից ժամանած բրենդինգի մասնագետներ Բեն Բենիմանան և Գարիկ Մարտիրոսյանը պատմեցին ազգային բրենդիգի մասին, բրեդինգում օգտագործվող գույների մասին և փաթեթավորման մասին:

«Բոլորը խոսում են գլոբալիզացիայից, տնտեսական ճգնաժամից: Օրինակ MacDonald’s-ը գլոբալիզացիայի ամենահայտնի խորհրդանիշն է: Երբ 1991-ին MacDonald’s բացվեց Ռուսաստանում, ես ինքս էլ կանգնած էի հերթերում: Ինչեր ասես, որ չեն անում մեզ հետ բրենդերը»,-ասաց Բեն Բենիմանան:

Խոսելով ազգային բրենդինգի մասին՝ նրանք կարևորեցին, որ բրենդը այլ երկրի շուկա ներմուծելուց առաջ՝ պետք է հասկանալ ինչպիսին են մարդիկ, ինչը ինչպես են ընդունում, հասկանալ ժողոցվրդի թույլ և ուժեղ կողմերը: Այս ամենից հետո նոր իդենտիֆիկացնել բրենդն ապրանքի տեսքով:

«Գոյություն ունի ազգային բրենդինգ, երբ ազգը կամ երկիրը ճանաչում ես կոնկրետ սիմվոլներով կամ բրենդով: Օրինակ, Արգենտինան մի նախագիծ էր պատրաստել, որտեղ պատկերված էր ֆուտբոլիստ Մարադոնայի կերպարը: Կան աֆրիկյան ազգեր, որոնք ունեն իրենց առանձին սիմվոլները տարբեր նշանակություններով: «Բրիտական ավիաուղիները» ներկել էին ինքնաթիռի պոչն աֆրիկյան գույներով, ցույց տալու համար, թե ուր է թռչում ինքնաթիռը և որտեղից է գալիս: Burerry-ն Բրիտանիայի խորհրդանիշն է», -նշեց Գարիկ Մարտիրոսյանը:

Բրենդինգում գույները նույնպես մեծ նշանակություն ունեն: Բեն Բենիմանայի կարծիքով, MacDonald’s-ը հինալաի է բրենդինգ անում, որ անգամ կողքով անցնելիս ուտելու ցանկություն է առաջանում:

«Մեզ հենց գույներով են խաբում, կանչում, գրավում: Օրինակ, օծանելիքները կամ դիմահարդարման պարագաներն այնքան գեղեցիկ տեսք ունենք, այնքան գունագեղ են, որ նայելիս դրանց, ցանկություն է առաջանում դրանք ունենալու՝ անգամ եթե չես էլ օգտագործելու: Սակայն, միայն գույնը քիչ է: Պետք է գույները ճիշտ օգտագործել»-նշեց նա:

Խոսելով գովազդում տարածված կարմիրի օգտագործման մասին՝ Բեն Բենիմանան նշեց, որ գիտականորեն ապացուցված է համարվում, որ երեկոյան մարդու մարմնի ջերմությունը բարձրանում է, իսկ կարմիր գույնի հետ առնչվելուց ավելի է բարձրանում և օրինակ բերեց Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցը:

«Կարմիրն և սպիտակը միասին ճապոնացիներն անվանում են կոհակո (կո-կարմիր, հակո-սպիտակ): Նրանք կոհակոն համարում են բարության, լավ բանի նշան, դրա համար էլ իրենց դրոշը կարմիրը սպիտակի վրա է: ճապոնացիները կարմիրն ու սպիտակը հազվադեպ են առանձին օգտագործում: Իսկ կանաչ գույնը հիմնականում ասոցացվում է էկոլոգիայի հետ, բայց ունի այլ նշանակությոններ նաև: Օրինակ, իսլամն ասոցացվում է կանաչի հետ, կամ Իռլանդիան: Այն դարձել է ազգային բրենդինգի գույն նաև»,-նշեց նա և ավելացրեց, որ գույները պետք չէ միշտ օգտագործել որպես ընդունված ստանդարտ: Ըստ նրա պարտադիր չէ ջուրը երկնագույնի հետ ասոցացնել, կամ կաթը՝ սպիտակի, և օրինակներ բերեց կաթ և ջուր արտադրողների, որոնք փաթեթավորումը կարմիրը սպիտակի վրա են արել և բավական հաջող կերպով:

«Կա Կոկա-Կոլա և կա Պեպսի: Պեպսին իմ կարծիքով իր երկնագույնով թարմության, ազատության սիմվոլ է: Դուք նկատե՞լ եք որ բազմաթիվ սոցիալական ցանցերի գույները և անգամ Skype ծրագրի գույնն է երկնագույն: Երկնագույնը ես ասոցացնում եմ հանգստության, ընկերական հարաբերությունների հետ: Իսկ, օրինակ, սպիտակը մարդկության գույն է համարվում»-ասաց նա: «Բրենդինգը փող աշխատելու միջոց է: Ապրանքի փաթեթավորումը աղբ է, որի համար մենք մեծ գումարներ ենք ստանում»,- հավելեց նա: Փառատոնն այս տարի անցկացվում է հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայի տանը՝ ավելի քան 450 աշխատանքներով Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լատվիայից, Իսպանիայից և այլ երկրներից:

Ժյուրին աշխատանքները քննում է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ: Այս տարի առավել շատ են ներկայացվել թվային և նոր գովազդակիրները, ինչպես նաև մարքեթինգային արշավները:

Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալությունների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի Գովազդային խորհուրդը, «Անտարես», «Շարմ», «Ստատուս» Հոլդինգը, Դիիմ Քոմյունիքեյշնս ընկերությունը և Ռադիո Վանը։