AM
28 Հոկտեմբեր 2011 - 12:24 AMT

«Գազպրոմում» չեն մեկնաբանում Կարեն Կարապետյանին վարչության փոխնախագահ նշանակելու մասին լուրերը

«Գազպրոմ» ԲԲԸ-ն պաշտոնական տեղեկատվություն չունի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի` Ալեքսեյ Միլլերի ռուսական ընկերության վարչության փոխնախագահ նշանակվելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Գազպրոմ» ԲԲԸ մամլո ծառայությունից: «Մենք չենք մեկնաբանում այդ հարցը, քանի որ ինքներս պաշտոնական տեղեկատվություն չունենք»,- ասել են ընկերության մամլո ծառայությունում: Ընդ որում, գործակալության զրուցակիցը ենթադրել է, որ այդ նորությունը, հավանաբար, ասեկոսեների մակարդակում է խմորվում:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, քանի որ նրան առաջարկվել է Ալեքսեյ Միլլերի «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության փոխնախագահի պաշտոնը: Ինչպես գրում է «Հայոց աշխարհ» թերթը, Կարապետյանի հրաժարականի մասին դիմումն արդեն ներկայացվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Կարապետյանն արդեն մոտ ժամանակներս կմեկնի Ռուսաստան:

Մինչ Երևանի քաղաքապետ դառնալը, Կարապետյանը Հայաստանի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» կողմից հիմնադիր պայմանագրի հիման վրա ստեղծված «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենն էր: «Գազպրոմի» բաժինը «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում կազմում է 80%, մնացած 20% պատկանում է Հայաստանի կառավարությանը:

Երևանի քաղաքապետարանում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը` խորհուրդ տալով այդ հարցով դիմել երկուշաբթի:

Ենթադրում են, որ Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետ կնշանակվի Հայաստանի վախճանված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: