Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային վարչությունների ղեկավարներին, ովքեր Երևան են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես նշվում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ, Սերժ Սարգսյանը ողջունել է արդեն երրորդ անգամ խորհրդի նիստի անցկացումը Երևանում, նշելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացներում և կողմ է Համագործակցության անդամ երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը:
Ընդգծելով, որ ԱՊՀ-ի տնտեսական բաղադրիչում տրանսպորտային ենթակառուցվածքը և մասնավորապես՝ երկաթուղային հաղորդակցությունը կարևոր տեղ են զբաղեցնում,Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի զարգացման ոլորտում որոշակի առաջընթաց կա, սակայն միջտարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության զարգացման համատեքստում մեր երկիրը դեռևս հայտնի խնդիրներ ունի:
ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի և «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին` Հայաստանում խորհրդին հերթական անգամ հյուրընկալելու, ինչպես նաև երկաթուղու խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության ու հոգածության համար: Նա կարևորել է վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունված երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը պաշտպանել է նաև Հայաստանը:






