Հայաստանի կառավարությունը դեռևս նախորդ տարի դիմել էր ԵվրԱզԷՍ-ի շրջանակում առկա հակաճգնաժամային հիմնադրամին, որպեսզի քննարկվի «Նաիրիտ» գործարանի արդիականացման ծրագիրը: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական համաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արդիականացման ծրագիրը մշակվել է գործարանի կողմից և ներկայացվել ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամին»,- ասել է նա:
Կառավարության ղեկավարի խոսքով` Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից գործուղվել են մասնագետներ Հայաստան, որոնք ուսումնասիրել են քիմիական ոլորտը, պատրաստել այդ ոլորտի վերաբերյալ համալիր փաստաթուղթ, որպեսզի ճշգրիտ գնահատվի «Նաիրիտի» հեռանկարներն ու տեղը քիմիական արդյունաբերության մեջ: «Այս պահի դրությամբ անհրաժեշտ է, որպեսզի ունենանք օպերատոր, որը պատրաստ է իր վրա վերցնել «Նաիրիտ»-ի մենեջմենթը»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ Տիգրան Սարգսյանը կարևոր է համարել, որպեսզի այդ վարկը տրամադրվի օպերատորի առկայության դեպքում, որպեսզի լրացուցիչ ռիսկերը կառավարությունն իր վրա չվերցնի: Իսկ երբ այդ աշխատանքները հասնեն իրենց տրամաբանական ավարտին, դրանք հանրությանը կներկայացվեն, խոստացել է վարչապետը:
Անդրադառնալով այդ գործընթացների երկարաձգմանը` Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ «Նաիրիտ»-ն ինքը բավական մեծ գործարան է` բարդ տեխնոլոգիական գործառույթներով, և նրա զարգացման հնարավորությունները բազմազան են, ուղղությունները` բազմաթիվ: «Այստեղ արագ, շուտափույթ լուծումները վտանգավոր են, դրա համար էլ հարցն այսքան երկար և մանրամասն քննարկվում է»,- ընդգծել է նա: Վարչապետը հաղորդել է նաև, որ գերմանական մի ընկերություն զբաղվում է տեխնիկական բիզնես ծրագրի մշակմամբ, ինչպես նաև առկա են մի քանի ընկերություններ ևս, որոնց հետ բանակցուություններ են ընթանում, որպեսզի օպերատոր ներգրավվի: Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարի խոսքով, այդ խնդիրը քննարկվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, որովհետև այդ վարկային միջոցների ներգրավումը պետք է արվի այնպես, որ Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական ռիսկեր չառաջանան:






