AM
30 Հոկտեմբեր 2011 - 18:10 AMT

Առաջիկա բյուջետային լսումների ժամանակ ՀՀ կառավարությունը կզարմացնի խորհրդարանին նոր հարկային փաթեթով

Մոտակա օրերին Հայաստանի խորհրդարանում կմեկնարկեն 2012թ. նախագծի վերաբերյալ բյուջետային քննարկումները, որտեղ առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի հարկային եկամուտների բարձրացմանը, հոկտեմբերի 30-ին Երևանում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս համատեքստում նա հատուկ ուշադրություն է դարձրել հակաճգնաժամային կառավարական միջոցառումների անցկացմանը, մասնավորապես` բազմաթիվ հարկային արտոնությունների տրամադրումը ինչպես փոքր ու միջին, այնպես էլ խոշոր բիզնեսին: «Այսօր շուրջ 35 հազար հարկ վճարողներ օգտվում են այդ հարկային արտոնություններից: Այդ հարկային արտոնությունները մենք տրամադրեցինք նրա համար, որպեսզի հեշտացնենք մեր տնտեսվարող սուբյեկտների համար այն դժվարությունների հաղթահարումը, որոնք առաջանում են ճգնաժամի հետևանքով»,- ասել է նա: Բացի դրանից, փոխվել է ավելացված արժեքի հարկի շեմը, ընդլայնվել է հաստատագրված վճարների դաշտը. այդ գործոնները չէին կարող չանդրադառնալ ընդհանուր հարկային բազայի վրա երբ հաշվարկվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշը: «Բայց դա չի նշանակում, որ այլևս չունենք անելիքներ»,- ընդգծել է նա: Մասնավորապես, ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, դեռևս կա բավական մեծ ստվերային տնտեսություն, և կառավարության ջանքերն առաջին հերթին ուղղված են ստվերային տնտեսության կրճատմանը և արդարության սկզբունքի ներդրմանը հարկային դաշտում:

Ինչպես հաղորդել է վարչապետը, խորհրդարանում մանրամասն կներկայացվի կառավարության ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի ապահովել լրացուցիչ նախորդ տարվա հետ համեմատած 101 միլիարդ դրամի հավաքագրումները: «Դրա համար մենք ներկայացնում ենք մի այնպիսի փաթեթ, որի նպատակն է բարձր եկամուտներ ունեցողներից ավելի շատ հարկային եկամուտներ հավաքագրել և այդ եկամուտները բերել պետական բյուջե: Նաև մեր փաթեթում ներառված են մեկ տասնյակից ավել օրենսդրական առաջարկություններ և փոփոխություններ, որոնք պարզեցնում են հարկային վարչարարությունը և ստեղծում փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ միջավայր: Դա նշանակում է, որ մեր միտումն է փոքր և միջին բիզնեսի վրա հարկային բեռը թեթևացնել և այդ հարկային բեռը տեղափոխել այն ոլորտներ, որտեղ կան մեծ եկամուտներ»,- հավելել է նա: