AM
31 October 2011 - 08:18 AMT

Mail.ru Group-ը ցանկանում է նոր միկրոբլոգային հարթակով մրցել Twitter-ի հետ

Ռուսական Mail.ru ինտերնետ ընկերությունը պատրաստվում է գործարկել միկրոբլոգային սեփական հարթակը՝ նպատակ ունենալով մրցակցել համաշխարհային հզոր Twitter միկրոբլոգային հարթակի հետ։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղելով «Կոմերսանտ»-ի աղբյուրին։Նոր ծառայությունը ինտեգրվելու է Mail.ru խմբի մյուս օնլայն-նախագծերի հետ, բացի դրանից յուրաքանչյուր գրառում կարող է սինքրոնիզացվել այլ կայքերի հետ։ Դեռևս պաշտոնական հայտարարություն միկրոբլոգային սեփական հարթակի ստեղծման մասին Mail.ru-ն չի կատարել։

Mail.ru խումբը (Mail.ru Group)ստեղծվել է 2010-ին։ Այն վերահսկում է ռուսական սոցիալական ցանցեր «Համադասարանցիներն» ու «Իմ աշխարհը»։ Բացի դրանից Mail.ru խմբին է պատկանում «Վ կոնտակտե» սոցիալական ցանցը 40%-ը և Facebook-ի 2%-ը։ Mail.ru խումբը բաժնետեր է հանդիսանում նաև շփման այլ ծառայությունների՝ ICQ-ի, «Mail.ru Агент»-ի, վճարովի Qiwi ծառայության և այլն։

Twitter-ը ստեղծվել է 2006-ին։ ComScore-ի տվյալներով այն ունի 157 միլիոն բացարձակ ունիկալ այցելու և ցանցը 2011-ին 54%-ով աճել է։ Mail.ru-ն նոր միկրոբլոգային հարթակով միգուցե հաջողացնի ճանաչված դառնալ Ռուսաստանում, սակայն դժվար թե նրան հաջողվի դառնալ Twitter-ի արժանի մրցակիցը։