«Կա երեք հարց, որոնց ստարտափ սկսողը պետք է ինքն իրեն տա և պատասխանի։ Դրանք են՝ ուզո՞ւ մ եմ ես իրոք բիզնեսով զբաղվել։ Սա նշանակում է չունենալ հստակ կայուն աշխատավարձ։ Երկրորդ հարցն է՝ ինչո՞ւ եմ ցանկանում հենց այս կոնկրոտ բիզնեսով զբաղվել և ինչո՞ւ եմ հենց ես ցանկանում զբաղվել այս բիզնեսով»,- խորհուրդ է տալիս նոր վեբ-նախագծեր ստեղծողներին Lenta.ru-ի և մի շարք ռուսական այլ հեղինակավոր լրատվականների հիմնադիր Անտոն Նոսիկը։
Անտոն Նոսիկը համարվում է ռուսական ինտերնետի «կնքահայրերից»։ Նա ստեղծել է այնպիսի հայտնի լրատվական կայքեր, ինչպիսիք են Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Vesti.ru-ն, Newsru.com-ը: «Երևանյան վեբ հանդիպումներ» նախագծի շրջանակներում նա Երևանում հանդես եկավ վարպետության դասով։
Նրա խոսքով նոր վեբ-նախագծեր ստեղծողները չեն պատասխանում վերոհիշյալ հարցերին։ «Մարկ Ցուկերբերգը ստեղծեց facebook-ը և հասավ հաջողության։ Երբ շատերը տեսնում են, որ մեկը ստեղծել է նախագիծ և հաջողության հասել, նրանց թվում է, որ նույն կերպ կկարողանան ստեղծել և հաջողություն ունենալ ուրիշների հաջողություններին նայելով»,-ասաց Անտոն Նոսիկը։ Նա կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ իրոք կարող է անել, ինչը լավ է ստացվում իր մոտ։
«Անել այն, ինչ բոլորն են անում՝ մահացու կռիվ է։ Ինտերնետը միշտ է այդպիսին։ Մի բան ստեղծվում է, ապրում է, դառնում է ամենահաճախվողն ու հայտնին: Որոշ ժամանակ անց ուրիշները ցանկանում են նույնն անել։ Սակայն, ուրիշին կրկնօրինակելով, չես կարող նույնին հասնել: Կլոնավորումն ինքնախաբեություն է: Միակ բացառությունը ռուսական «Vkontakte»-ն է, որը նման է ինտերֆեյսով նորաստեղծ Facebook-ին, սակայն ամբողջությամբ այլ ֆորմատի է»,-ավելացրեց նա։
Այսօր շատ լրատվամիջողներ գնում են դեպի դեղին մամուլ՝ խաբելով ընթերցողներին սենսացիոն նորություններով։ Ըստ Անտոն Նոսիկի՝ դեղին մամուլը միշտ էլ ամենաշատ օգտագործվողն է, սակայն ոչ որակյալը: «Որակյալ բովանդակության ընթերցողը միշտ ավելի քիչ է: Կան տարբեր լսարաններ: Հնարավոր չէ, որ բնակչության գործարար զանգվածը հիմարանա. լուրջ որակյալ վերլուծություն կարդացողները չեն կարդա անորակ դեղին մամուլ»,-նշեց նա։
Անտոն Նոսիկի կարծիքով ապագան, մեդիաները գնում են դեպի մոբիլիզացիա։ «Ինտերնետը մարդկանց գրպանում է ամեն րոպե։ Ռուսաստանում բնակչության 53%-ը ինտերնետ է օգտագործում։ Մարդիկ ցանկացած ցանց, կայք, պորտալ կամ լրատվական այցելում են նաև բջջային հեռախոսների միջոցով։ Մոբիլիզացիան ռազմավարական հարց է»,-ասաց նա և ավելացրեց, որ LiveJournal ցանցը չունի բջջային ծրագիր, քանի որ չունի հստակ ռազմավարություն. «LiveJournal-ը գլոբալ առումով վաղուց մահացած է»։
Անտոն Նոսիկն անդրադարձավ նաև բաններային գովազդներին և գումարով թրաֆիկի գնմանը բազմաթիվ կայքերի կողմից։ Նրա կարծիքով բաններները հին դար են, մեռած են և հարմար չեն լրատվակյան կայքերի համար:
«Բաններներ կան այն պատճառով, որ մարդկանց մոտ այնպիսի մտածելակերպ է ձևավորվել, որ դրանք պետք է լինեն: Եթե լրատվական կայքը սկսում է թրաֆիկ (այցելություններ) գնել, դա նշանակում է այդ լրատվամիջոցը փակելու ժամանակն է։ Լսարան հավաքելով չես իմանա, ով է քո ընթերցողը։ Դա նշանակում է, որ երկրորդական է արդեն կայքի բովանդակությունը։ Յուրաքանչյուր լրատվականի համար կարևոր է ունենալ սեփական ընթերցող և ստանալ նրանց feedback-ը (արձագանքը, կարծիքը)։ Եթե այցելուների 26%-ը ուղիղ այցելուներն են, ապա դա հիանալի ցուցանիշ է»,- նշեց նա։
Երևանյան վեբ հանդիպումներ 2011 (Yerevan Web Meetings) նախաձեռնողն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։ Նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան փորձը:
Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետներ հանդես են գալիս վարպետության դասընթացներով։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և անցկացվում են ոչ ֆորմալ մթնոլորտում։
Նախագծի շրջանակում արդեն կայացել է Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկու և Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայայի վարպետության դասընթացները։