AM
25 April 2003 - 18:46 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանն ունի բավարար ներուժ ազատ եւ արդար ընտրություններ անցակացնելու համար: Նման կարծիք է հայտնել Երեւանում լրագրողներին ԵԽԽՎ դիտորդական նախընտրական առաքելության ղեկավար Լորդ Ռասել-Ջոնսթոնը Հայաստան կատարած իր այցի ավարտին: Միեւնույն ժամանակ, տվյալ հայտարարությունը նա անվանել է որոշ չափով լավատեսական, քանի որ «նախագահական ընտրությունների օրվանից քիչ ժամանակ է անցել»: Այնուամենայնիվ, Ռասսել-Ջոնսթոնի խոսքերով` երկրի իշխանությունները հավաստիացրել են, որ կանեն ամեն ինչ նախագահական ընտրություններում տեղ գտած խնդիրները խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերացնելու համար: Դիտորդը նշել է, որ ԵԽԽՎ առաքելությունը Հայաստան է ժամանել «ոչ թե որեւէ եզրակացություններ անելու, այլ իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ շփվելու համար եւ պարզելու, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած բացթողումները եւ թերությունները վերացնելու ուղղությամբ»: Առաքելության ղեկավարի խոսքերով` խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստան կժամանի 30 դիտորդից բաղկացած ԵԽԽՎ խումբը: