AM
3 Նոյեմբեր 2011 - 09:23 AMT

Այգեգործությունը Հայաստանում կզարգանա նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, որի հիմնական նպատակն է աջակցել այգեգործության զարգացմանն ու թարմ մրգի ու ընկուզեղենի արտահանմանը արտաքին շուկա:

Ինչպես հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, «Հայկական միրգ» ԲԲԸ-ն ստեղծվել է Հայաստանում «Գյուղական հնարավորությունների ստեղծման ծրագրի» շրջանակներում, որն ուղղված է աղքատության կրճատմանը գյուղական շրջաններում, եկամուտների աճին ու կենսական մակարդակի բարձրացմանը գյուղական շրջաններում բերքատու այգիների ձևավորման հաշվին:

Այդ առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը մեծ ակնկալիքներ ունի, կապված այդ ծրագրի իրագործման հետ: «Անհրաժեշտ է բարձրացնել արտադրողականությունը, մեծ նշանակություն կունենա նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչը նոր հմտություններ կպահանջի մեր ֆերմերներից, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես կարելի է 1 հա ավելի շատ բերք ստանալ»,-ասել է նա:

«Հայկական միրգ» ընկերության ստեղծմանն է հատկացվել շուրջ 52 մլն դոլար: Այդ գումարից 13,5 մլն դոլարը հատկացվել է IFAD-ի կողմից, 20 մլն դոլարը՝ OPEC-ի, 3,5 մլն դոլար հատկացրել է Դանիայի կառավարությունը խորհրդատվական ծառայությունների համար. շահառուները կմասնակցեն 3 մլն դոլարի չափով, ևս 11 մլն դոլար հատկացրել է կառավարությունը որպես համաֆինանսավորում:

Ընկերությունը կզբաղվի ամբողջ շղթայի հարցերով՝ տնկիների ներկրումից մինչև վերջնական արտադրանքի իրացում, մասնավորապես, ունենալ ինչպես տնկիների բազմացման, մշակման, պահպանման, տեսակավորման ու իրացման համակարգ, այնպես էլ պատրաստի արտադրանքի պահպանման համար նախատեսված սառնարաններ, լոգիստիկա ու արտահանման շփումներ: Ծրագրի շրջանակներում Հայաստանում նախատեսվում է 700 հա վրա ստեղծել ինտենսիվ զարգացման այգեգործություն: