AM
4 Նոյեմբեր 2011 - 05:27 AMT

Երևանում վարպետության դասընթացով հանդես կգա լիտվական առաջատար լրատվական պորտալի ներկայացուցիչը

Նոյեմբերի 5-ին կանցկացվի Լիտվայի առաջատար Delfi.lt պորտալի հասարակայնության հետ կապերի տնօրեն Աիստե Զիլինսկիենեի վարպետության դասընթացը «Երևանյան վեբ-հանդիպումներ 2011» (Yerevan Web Meetings) նախագծի շրջանակներում։Սա արդեն չորրորդ վարպետության դասընթացն է այս նախագծի շրջանակներում։ «Երևանյան վեբ հանդիպումներ»-ի նախաձեռնողն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։ Նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան փորձը:

Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետներ հանդես են գալիս վարպետության դասընթացներով։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և անցկացվում են ոչ ֆորմալ մթնոլորտում։

Նախագծի շրջանակում արդեն կայացել է Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկու, Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայայի, Lenta.ru-ի հիմնադիր և ռուսաստանյան ինտերնետի «կնքահայրերից» Անտոն Նոսիկի վարպետության դասընթացները։